Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/71

Այս էջը հաստատված է

ստախոսն արդեն իր նպատակին հասած կլինի։ Պետք չէ հավատալ այդ ստախոսներին և կեղծարարներին, առաջուց իմանալով, թե ովքեր են դրանք, որոնց համար ոչ մի սրբություն չկա։ Ամեն տեղ, ուր կա ճշմարտության մի պաշտպան պետք է պայքար մղե ստախոսների դեմ։

Մինչև այսօր մենք ուզեցել և ընտրել ենք իրանց անցյալով մեծ անուն ու հռչակ ստացած անձինք։ Սրանով մեր ընտրությունը եղել է իբրև մի հատուցումն, իբրև մի վարձատրություն և պատիվ նրանց արածի համար։ Այսօր մենք չունինք փառավոր անցյալ ունեցող ոչ մի անձ, բայց սա մի դժբախտություն չէ, այլ մի բախտավորություն է մեր Եկեղեցու պայծառության համար, քանի որ մեր ընտրելին իր արածի համար չէ, որ պիտի բազմի հայրապետական գահի վրա, այլ անելիքի: Մենք պետք է ընտրենք այնպիսի մեկին, որին ընդունակ համարենք գլուխ բերելու ժողովրդի ուզած անելիքները։

1911


ԲՈԻՐԴԻ ՓԱԹԻԼԸ ԻԲՐԵՎ ՄԻԱԿ ՀՆԱՐ

Առասպելական Հազարան Բուլբուլը ձեռք բերելու համար գնացող բոլոր քաջասիրտ երիտասարդները հենց որ մի մղոնաչափ մոտենում են նպատակներին, այնտեղ քար են դառնում։ Այսպես քարանում են և երկու իրար շատ սիրող երիտասարդ եղբայրներ՝ մեկը մյուսի ետևից գնալով։ Սրանց միակ քույրը՝ զգալով, որ եղբայրները մի փորձանքի են ենթարկվել, նրանց ազատելու համար ամեն վտանգ հանձն է առնում, և այր մարդու հագուստով, զենք ու զրահով ձիավորվում է և գնում։

Ճանապարհին իջնում է մի ծառի ստվերում, ուր նստած է լինում և մի ծերունի ճգնավոր։ Աղջիկը համբուրում է ծերունու ձեռքը, օրհնությունը առնում, հայտնում է ճանապարհորդության նպատակը