Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/72

Այս էջը հաստատված է

և խնդրում է, որ իրան կարևոր խորհուրդներ տա, թե ինչպես կարող էր օգնել եղբայրներին։

Ծերունին, որ իսկապես իրանց պաշտած աստվածներից էր` այդ կերպարանքն առած` ասում է.— Աղջիկս, եղբայրներդ քարացած են. նրանց չես կարող վերակենդանացնել, մինչև ձեռք չբերես Հազարան Բուլբուլը և նրա մոտ եղած անմահական աղբյուրի ջրով չսրսկես նրանց...

Գնացողների քարանալու պատճառը լինում է այն, որ լեռն ի վեր բարձրացողների չորս կողմից հազարավոր և բյուրավոր աներևույթ բերաններից տասնապատիկ շատ թվով տեսակ-տեսակ ձայներ են լսվում։ Ի՞նչ աղմուկ, աղաղակ, գոռյուն, գոչյուն, որոտմունք, անեծք, հայհոյանք, սպառնալիք, երգիծանք, ծիծաղ, քրքիջ, կատակ, լկտի բառեր և նույնիսկ փաղաքուշ և սիրաշարժ շշնջմունք և զանազան անասնական և թռչնական ձայներ` առյուծի մռնչյուն, կատվի մլավոց, այծի մկկոց, ագռավի կռավյուն, եզան բառանչ, ցուլի գոռոց, աքաղաղի կանչ, մկան ծվծվոց,— վերջապես անթվելի և անհամար ծանոթ և անծանոթ ձայներ, որ լսողի ուշքը գրավեն, շշկլացնեն, շփոթեն և ետ նայել տան։ Ետ նայողը պիտի անմիջապես քարանա։ Այսպիսով քարացել են բյուրավոր մարդիկ. ոչ մեկը գնացողներից ետ չի դառել ողջ։

Ծերունին այս բաները հայտնելուց հետո` ասում է.— Որովհետև դու ամենայն վտանգ հանձն ես առել միայն նրա համար, որ ձեռք բերես Հազարան Բուլբուլը, այս պատճառով ահա աստված իմ ձեռքով ցույց կտա քեզ, թե ինչպես պետք է այդ անկարելին կարելի դարձնել։ Այդ բյուրավոր ձայները դու չէիր լսիլ, եթե խուլ լինեիր։ Ես քեզ կխլացնեմ ահա այս մի փաթիլ բրդովս, սրանով կփակեմ ականջներդ։ Երբ որ ձեռքդ կառնես Հազարան Բուլբուլի ոսկե վանդակը, այնուհետև բոլոր ձայները կհամրանան և դու կարող ես բուրդը հանել ականջներիցդ, որ լսես Հազարան Բուլբուլի խոսքն ու երգը։

Կատարելով ծերունու պատվերը, Ֆարիզադան (աղջկա անունն է) հասնում է իր նպատակին։ Սա մի բավական երկար հեքիաթ է և արդեն տպվում է «Հասկեր»-ումը: