Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/73

Այս էջը հաստատված է

— Բայց առակս զի՞նչ ցուցանե։

— Առակս ցուցանե զայն, որ այսօր թե՛ ես և թե՛ իմ ընկերներս այս առասպելական աղջկա վիճակումն ենք։ Մեզ վրա հարձակվող ձայները, թե՛ երևելի և թե՛ աներևույթ, շատ են՝ և մեկը մյուսից անախորժ ու ականջ ծակող։ Մեզ մնում է հետևել սուրբ ծերունու խրատին, և ականջներս բուրդ կոխել այդ ձայների դեմ և հանդարտ սրտով բարձրանալ դեպի լեռան գագաթը, դեպի Հազարան Բուլբուլն ու անմահական աղբյուրը, որոնցով կյանք է տրվում քարացածներին։ Չար ձայներն են միայն, որոնք չեն թողնում վսեմ հոգիներին բարձրանալ դեպի առաքինության գագաթները։ Դրանց առաջքն առնելու համար բավական է «մի փաթիլ բուրդ», որ ավելի ուժ ունի, քան բյուրավոր չար աղաղակների ժխորը։

1911


ՄԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ Մ. ԵՊԻՍԿՈՊՈՍ ՕՐՄԱՆՅԱՆԻ ՆՈՐ ԳՐՔԻ ԱՌԻԹՈՎ


Սրբազան Օրմանյանը «Հայոց Եկեղեցին» վերնագրով նոր հրատարակած գրքի պատմական մասը հասցնում է մինչև թյուրքահայոց այսպես կոչված Ազգային Սահմանադրություն ստանալը՝ 1860 թվականին, և այդ իր խորհրդածությունը վերջացնում է հետևյալ տողերով. «Իբրև այս գլխուն կնիք, և իբրև մեր գաղափարներուն և տեսությանց ամփոփում, պետք է ավելացնենք, թե քաղաքակրթության և թե ազատության այն մեծ շարժումը, որ բովանդակ հայության, այսինքն Ռուսիո ու Թուրքիո ու Պարսկաստանի հայերուն վրա կտեսնվի, արդյունքն է մեծավ մասամբ իր եկեղեցական դասակարգին ձեռքով սկզբնավորված գործունեության և ազդեցության»։

Այս տողերից պարզ երևում է, որ Մ. եպս. Օրմանյանը հայ աշխարհիկ դասակարգի մեջ, հակառակ բոլոր ազգերի