Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/74

Այս էջը հաստատված է

պատմության,— չի տեսնում օգտակար գործերի նախաձեռնությունը, այլ առաջնություն տալիս է «եկեղեցական դասակարգին»։

Թեև ասում է «մեծավ մասամբ», բայց այդ «մեծավ մասամբ»֊ը առակի բաժինն է, որ Առյուծը սեփականում է ամբողջովին։

Տպագրության արհեստը մեր մեջ մտել է 1512 թվականին։ Բայց տեսեք ահա Օրմանյանն ինչպես է վերաբերվում այդ նշանավոր անցքին։

«Թեպետ 1512 տարին տպված հայերեն գրքեր կգտնվին, սակայն անոնք Եվրոպայի` տպագրիչներու ձեռքով և հայ վաճառականներու քաջալերությամբ առաջ եկած պատահական արդյունքներ են։ Բուն հայկական կանոնավոր և շարունակյալ տպագրությունը Միքայել կաթողիկոսի օրեն կսկսի՝ (1565 թվին), որուն ձեռնարկը բարեհաջող եղավ, և հայ տպարաններ շատացան»։

Սրբ. Մ. Օրմանյանը մեր տպագրության սկզբնավորությունը նսեմացնում է նրա համար միայն, որ հայ վաճառականների ձեռքով է սկսվել և ոչ որևէ կաթողիկոսի։ Բայց ո՞ր կաթողիկոսն է կարողացել մի արդյունավետ գործ կատարել առանց հայ վաճառականի օգնության և քաջալերության։

Մենք ոչ մի տեղ տպարան չենք ունեցել առանց հայ վաճառականի նախաձեռնության։

Նույնիսկ Մխիթարյան միաբանությունները առանց քաջալերության չեն մնացել հայ վաճառականների կողմից, բայց կաթողիկոսներից և պատրիարքներից չեն ստացել և ոչ մի լումա։

Վերջապես մի՞թե կարելի է ուրանալ, որ անցյալ դարի կեսից սկսած այլևս եկեղեցական դասակարգը չէ ազգին առաջնորդողը, այլ նրա աշխարհիկ մտավորականությունը։ Սա է, որ մատակարարում է ազգին գրականություն, արվեստ և գիտություն որոնցից իսպառ զուրկ է եկեղեցական դասակարգը իր կաթողիկոսներով և աստվածաբաններով։

Ահա առջևս է դրված էջմիածնի ճեմարանի վերատեսչի հայտարարությունը, որով ուսուցիչներ է պահանջում ալգեբրայի,