Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/8

Այս էջը հաստատված է

կարող է չափազանց ուրախանալ, մինչև ուշագնաց լինելու աստիճան, գժվելու և մեռնելու անգամ։ Ինչ որ ասացինք այս հոգեկան պահանջման մասին, նույնը կարող ենք ասել և մտքի ու մարմնի մասին։ Ի՞նչ հարկավոր է միտքը զբաղեցնել այնպիսի խնդրի վերա, որ գեր ի վեր է մարդկային մտավոր կարողության սահմանից, և կամ այնքան բեռն դնել մի մեջքի վերա, որ նորա ուժից բարձր լինի և տանել անկարելի։ Բայց ինչպես քաղցր է մտածել զգալի էակների վերա, ճանաչել նրանց և նրանցով նրանց ստեղծողի անսահման սերը զգալ ու սիրել նորան գիտակցաբար՝ ամենայն անձամբ՝ հոգվով և մտքով։ Ի՜նչպես քաղցր է յուր տնկած ծառի տակ նստելը, նորան դարմանելը և աճեցնելը։

Կարծել որ երջանկությունը հանգստությունն է, այդ թե՛ աստվածային և թե՛ բնական, օրինաց դեմ մեղանշել կնշանակեր, վասնզի ամբողջ բնությունը «Ի հոսման և ի ծորման» է,ամենայն տեղ շարժողություն է, ամենայն տեղ կյանք է։ Եթե ասենք աստված մեզ ատելով է ենթարկել աշխատության, այդ կնշանակեր ասել, թե աստված մեզ ատել է, մեր մարմնին հոգի տալով և նոցա կառավարելու համար մի միտք. վասնզի այնտեղ է հանգստությունը, ուր ոգի-կենդանություն կամ շարժողություն չկա: Բայց ո՞ւր է այդպիսի մի տեղ բնության մեջ. մեր անշունչ բնակարանը անգամ անընդհատ շարժողության մեջ է յուր բոլոր մասունքներովը։ Ծառը յուր պտղովը, ծաղիկը յուր հոտովը, մեղուն յուր մեղրովը, շերամն յուր մետաքսովը, բոլոր, բոլոր անբան արարածները անգամ ակն հանդիման ատում են ծուլությունը, որ մայր է ամենայն չարյաց և ապացուցանում աշխատության անհրաժեշտ կարևորությունը և երջանկության միակ աղբյուր լինելը։ Եթե բնազդաբար ապրող, միակ գլխապահության ետևե ընկած մարդուն անասունի ենք նմանեցնում, ապա ուրեմն այն մարդուն, որ յուր միակ գլուխը պահպանելու չափ գործունեություն չունի, պետք է նմանեցնել ցեցի, որ ուտում է առանց աշխատության ուրիշի աշխատանքը։

Մեր նպատակը չէ այստեղ բնագիտական մեթոդով ցույց տալ, թե ինչ պատճառներից է առաջանում ծուլությունը և հետևապես ցուցնել, թե ինչ պատմական և բնական պայմանների կարոտ մի որևիցե ժողովրդի գործունեության աստիճան և