Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/80

Այս էջը հաստատված է

պես մոտիկը տեսնելու, մոտիկը հետազոտելու և ուսումնասիրելու սովորությունը չունինք։ Եվ արժե՞ միթե հետաքրքրվել մոտիկով, որ շատ տեսնելուց արդեն դառել է մի շատ ծանոթ բան։ Այսօր ես շատ մոտիկից պիտի սկսեմ իմ ատենախոսությունը. ես պիտի խոսեմ մեր ապրելու մասին. պիտի ցույց տամ, թե ինչպիսի երևույթ է մեր ապրելը, ինչպիսի պահանջներ ունի և ինչպիսի ազդեցություն մեր կենցաղավարության վրա։

Նախ և առաջ այս հարցնենք, թե ինչո՞ւ համար ենք մենք ստեղծված. և մի՞թե մենք մեր Հոժար կամքովն ենք լույս աշխարհ ընկել։ Ինչպես ծնվել ենք առանց մեր կամքի, նույնպե և ապրում ու մեռնում ենք առանց մեր կամքի։ Մեր բնությունն այնպես է ստեղծված, որ ծնվելուց հետո պիտի ապրենք։ Կյանք ասածդ ահա այս ապրելու վրա է հաստատված։ Այս կյանքի մեջ ամեն մարդու միակ հոգսն է նրա ապրելը։ Ինչ որ անում է մարդ՝ թե լավ և թե վատ, ապրելու համար է անում։ Ամեն ոք աշխատում է՝ հնար եղածին չափ՝ լավ ապրել։ Մարդ չի կարող ոչ մի քայլ անել կամովին, որ ապրելու համար չլինի։ Ամեն մի հաստատություն քաղաքական,կրոնական, բարեգործական, մարդասիրական, պատերազմական, թշնամական, բարեկամական, ուսումնարան, արհեստանոց, գործարան, խանութ և ամեն տեսակ բնակարան——բոլորը, բոլորը ապրելու համար են։ Բոլոր մոլությունները,— գողությունը, մարդասպանությունը, խաբեությունը, ստախոսությունը, մատնությունը, դավաճանությունը, ագահությունը, ինչպես և բոլոր առաքինությունները, որոնք թվով անհամեմատ քիչ են մոլություններից,— բոլորն էլ ապրելու համար են կատարվում։

Ապրելու ցանկությունը այնքան բնական և այնքան զորավոր է մարդու մեջ, որ նա կարող չէ ներկայացնել իրան, թե կարելի է և չապրել։ Թեպետ փորձով գիտե, որ մահկանացու է, որ մի օր պիտի մեռնի, բայց չէ կարող թույլ տալ, որ մեռնելուց հետո էլ նա ապրելու չէ հավիտյան, և այն էլ ավելի լավ կյանքով, քան թե ունեցել է այս աշխարհումս։ Հավատացած է, որ դժոխքում անգամ ապրելու է, թեև տանջվելով։ Մի՞թե քիչ կան այս աշխարհումս էլ տանջվելով ապրողներ.