Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/87

Այս էջը հաստատված է

էին Քրիստոսի մոտ ամենքը, որոնք դժգոհ էին իրանց վիճակից— հարստահարվածները, թշվառացածները, գերիները և ստրուկները։ Նա էլ կերակրում էր ամենքին այնպես, որ սեղանի վրա դեռ շատ ուտելիք էր մնում։ Իսկ քրիստոնեության թարմ օրերում, երբ հավատացյալների կեցությունը համայնական կազմակերպություն էր ստացել, ամենքն էլ գոհ էին իրանց բարեկեցությունից։

Հիմա շատ բնական է, որ ինձ հարցնեք, թե ո՞ւր մնաց ապա քրիստոնյաների այդ համայնական բարեկեցությունը։ Ինչպե՞ս է պատահել, որ Քրիստոսից մոտ երկու հազար տարի անցնելուց հետո դեռ չեն իրագործվել նրա պատվերները։ Այն եսականությունը, որին նա հակառակ էր, այսօր ավելի զարհուրելի մեծության է հասել և վիշապի պես կուլ է տալիս ամենքին։

Համենայն դեպս, չիրագործվելու պատճառը ո՛չ Քրիստոսն է և ո՛չ նրա ավետարանը, կպատասխանեմ ես։ Բավական է, որ մենք այսօր էլ զգում ենք, որ ավետարանի ասածը զուտ ճշմարտություն է։ Անդրանիկ քրիստոնյաների գլխով շատ փորձություններ անց կացան, համարյա ամենքն էլ նահատակվեցին իրանց քարոզած ճշմարտրության համար, աշխարհն ազատեցին հեթանոսական խավարից, բայց նրանց հետնորդները և հետնորդների էլ հետնորդները ավետարանի ոգին ըմբռնելու չափ հասկացողություն, խելք չունեցան։ Դուք հիմա չեք հավատալ, որ ասեմ կրոնի քարոզիչների միակ և գլխավոր ջանքը եղավ հավատացյալների գլխից հանել նրանց խելքն ու առողջ դատողությունը՝ իբրև չար ոգու թելադրություն, և զարգացնել նրանց հավատալու միտումը միայն։ Զորացնելով ժողովրդի հավատը, կորցնել էին տալիս նրա խելքը. որքան անմիտ լիներ մեկը, այնքան նա առաքինի կհամարվեր, որովհետև ասված էր` մինչև երեխի պես միամիտ չլինիք, արքայություն չեք կարող ժառանգել։ Եթե խելք նկատվեր մեկի մեջ, նա կհամարվեր չար ոգի ունեցող։ Այս ուղղությամբ էին կրթում վանական հայրերը իրանց սաներին, ինչպես այդ գտնում ենք նրանց վարքերում, որտեղից ավելորդ չեմ համարում մի օրինակ բերել։

—Որդյակ,— ասում է սուրբ Հայրը իր աշակերտին,— եթե