Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/94

Այս էջը հաստատված է

նմանեցնում, և դուրս է գալիս, որ մարդը չէ, որ աստծու նման է, այլ աստված է մարդու նման, և այն էլ անխտիր, լինի այդ մարդը մի տխմար, թե մի իմաստուն։ Կրոնն էլ այնպես է հասկանում յուրաքանչյուր ոք, ինչպիսի հասկացողություն որ ինքն ունենում է։ Այս է պատճառը, որ միևնույն ավետարանից խելագարության հասած հրեշավոր աղանդներ են ծնունդ առնում և միևնույն ժամանակ իրանց բարեկարգությունովն ու ներքին իմաստովը վսեմ և սքանչելի եկեղեցիներ։

Մենք հիմա միայն, դարեր անցնելուց հետո, գիտության զարգանալուց հետո հասկանում ենք, որ կրոնը՝ իբրև մի հոգեբանական երևույթ, իբրև երևակայության և հավատի արդյունք, հետազոտելի և ուսումնասիրելի առարկա է և ոչ թե հետազոտող և ուսումնասիրող։ Ուսումնասիրող առարկան գիտությունն է, որ խելքի, փորձառության և հանճարի արդյունք է, և ոչ հավատի։ Գիտությունն է ուսումնասիրում կրոնի էությունը, նրա ծագումը, զարգացումը, ներգործությունը, նրա դրական և բացասական կողմերը, կատարած լավ և վատ դերը, ներկա վիճակը և ցույց է տալիս, թե ինչով է նա շահավետ կամ վնաս մարդկությանը։ Գիտությունը ավետարանի համայնասիրությունը համարում է շատ արդար, բայց գտնում է, որ դրան կարելի է հասնել միայն գիտական զարգացումով։

Այսօր մարդու միտքը զարգանում է հսկայական քայլերով և որքան շատ է առաջ գնում, այնքան ավելի է ետ թողնում իրանից կրոնը իր բոլոր հավատալիքներով։ Ինչպես մի ժամանակ հավատն էր տիրում խելքի վրա և նրան դուրս մղում, այսօր էլ խելքն է տիրում հավատի վրա և նրան դուրս մղում։ Ինչպես առաջ մարդիկ իրանց փրկությունը կրոնի մեջ էին որոնում, այսօր էլ գիտության մեջ են որոնում։ Այսօր այլևս կրոնի հետևից վազող չկա հոգու փրկության համար և եթե կան, այդ միայն մարմնի համար է, բարեկեցության համար է, և ոչ երբեք հոգու փրկության։

Մեր ազգի առածն ասում է. «Գայլի գլխին ավետարան կարդացին, ասեց՝ շուտ արա, ոչխարը սարովն անցավ»։ Այս առածն ավելի լավ է բնորոշում, թե մարդն այսօր ինչպես է նայում իր կրոնի վրա։ Չգիտեմ ինչ գրքում եմ կարդացել միսիոնարական կյանքից մի պատմություն, որ շատ նման է մեր