Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/99

Այս էջը հաստատված է

Քրդի ասածի մեջ ուժի կշռելու խնդիր կա. նա խոստովանում է միայն իր հաշվի սխալը, և ոչ թե գործողության։ Երբ ավազակը մտադրվում է հարձակում գործել, նա պարտավոր է նախ և առաջ իր ուժը կշռել հակառակորդի ուժի հետ։ Այլ է հինգ մարդու և տասը մարդու հետ գործ ունենալ կրկնապատիկ ուժով, և այլ, երբ քո ուժը հինգ է, իսկ հակառակորդինդ մի քանի հարյուր։ Ով ասես, նրան կմեղադրե, նրան կհանդիմանե, ասելով՝ դու քանի՞ գլուխ ունեիր, որ մի ամբողջ հասարակություն քո դեմ բարձրացրիր։ Այսպես է օրենքը, հարձակվողը միշտ պիտի աշխատի իրանից թույլի վրա հարձակվել, եթե ոչ՝ առակի ագռավի նման ոչխարի բրդումը կխճճվի։ Թույլը շարունակ հարձակման ենթակա է, ամեն ոք իր ուժը թույլի վրա է փորձում, ով ասես՝ նրա գլխին է խփում։ Նույնիսկ գյուղի տանուտերը և նրա գզիրը զորեղներից հեռու են փախչում և իրանց ուժերը թույլերի վրա են գործ դնում։ Ամեն տեղ զրկվողը թույլերն են լինում։ Ասած է. «Ցախը ցավագար տեղին կդիպչի»: Կամ թե՝ «Գողը եկավ, վայ մեկի տեր, գայլը եկավ, վայ մեկի տեր»։ Եվ ճշմարիտ՝ գողություն, բռնաբարություն, հարստահարություն և ամենայն տեսակ զրկանք թույլի վրա է թափվում.

Այդ դեպքի նման հազարավոր դեպքեր կարելի է բերել ապացուցանելու համար, որ ընդհանուրի ուժը մեկ տեղ հավաքողը ընդհանուրի շահն է, իսկ ընդհանուրի շահը ընդհանուր սեփականության մեջ է գտնվում։ Մեկ ուրիշ օրինակ էլ բերեմ, որ ընդհանուր սեփականության օգուտն ավելի պարզվի։

Միևնույն գավառում, միևնույն ճանապարհի վրա բնակչության միևնույն թվով, միևնույն կլիմայական և վարչական պայմանների տակ գտնվում էին երեք գյուղ։ Առաջին գյուղում փորձառու և բանիմաց մարդիկ կային, ունեին և մի խելքը գլխին և ժիր քահանա: Սրանք հորդորեցին ժողովրդին և համախոսական վճռով վճռեցին, որ ունենան մի կարգին ուսումնարան երկու սեռի համար և մի դեղատուն։ Ուրեմն ուսուցիչ-ուսուցչուհի, բժիշկ, բժշկի օգնական և մանկաբարձուհի։ Բայց գյուղն աղքատ էր, որտեղի՞ց պետք է վճարեին դրանց ծախքը։ Առաջ պետք էր եկամուտի մասին հոգալ։ Եկամուտ ձեռք բերելու համար վճռեցին, որ ամենայն ինչ որ