Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/11

Այս էջը հաստատված է
Այս էջը սրբագրված չէ


սիրում է այդ հիմարաբանությունքը, բայց ինձ ի՜նչ հարկավոր է·– «Մոլլիա հախ դեագսըն, խալխ ջհաննամա գեթսըն»… Այսպես պետք է գիտենալ և մյուս երկու ասպարեզները։ Եթե ՛վնաս ես տալիս ընդհանուրին, օգուտ ես ստանում, իսկ եթե օգուտ՝ վնաս։

Եվ մի՞թե եվրոպական ազգերի մեջ էլ այսպիսի թերութուն կա — իհարկե չկա, պատճառ՝ ոչ նոցա բարոյական կյանքը մեր բարոյական կյանքի հետ նմանություն ունի, և ոչ մտավորականը՝ մտավորականի հետ․ ուստի նոքա ազգի օգուտ տվող մարդիկը վարձատրվում են, իսկ մերինը՝ ընդհակառակն․ պատճառ՝ մեր լեզուն մեր կյանքի համար միջոցներ, ասում են, չէ տալիս… Այն բանը, որ մի հայ մարդ պարտական է կատարել իբրև պարտք, իբրև անհրաժեշտ հարկավորություն, այդ բանը այժմ դարձել է մի գովանի հատկություն, առաքինություն։ Միթե դու չե՞ս լսել քանիցս անգամ, որ ասել են․— «Կեցցե՛ այսինչ ուսանողը,— հայերեն գիտե։— Լա՞վ գիտե արդյոք, հարցնում ես։— Ա՛յ, օրհնված, բավական չէ՞, որ շատ ու քիչ հասկանում է: Ֆրանսերենը ժամանակ է տվե՞լ, որ հայերեն պարապենք: Ֆրանսերենը хотя մեկ օրվա համար չենք սովորում, но зато ֆրանսերենը մեզ հաց է տալիս…»։

Ահա՝ քեզ, սիրելի Ավետիք, մեր այժմյան մտավոր վիճակի համառոտ նկարագիրը։ Մեկ ազգի գլխավոր հատկանիշը նորա լեզուն է, բայց մեր լեզուն, որ ազգայնություն ասել է, այժմ այս դրության մեջ է. իմ կարծիքով մի քանի ինձ ու քեզ նման աննշան անհատներ ոչինչ չեն կարող անել։ Հարկավոր է միայն լավ հասկացողություն ժողովրդյան, որ նա ինքը կատարե յուր պարտքը։

Առայժմ այսքանով բավականացի՛ր, հետզհետե կհաղորդեմ քեզ և բոլոր մյուս տեղեկությունները, որ դու պահանջում ես ինձանից։ Բայց դու, եղբայր սիրելի, միմիայն հարցեր ես առաջարկում ինձ, իսկ դու ոչ մի տեղեկություն չես գրում ձեր կողմերից։ Ձեր թարգմանությունները տպագրելու համար միջոց ճարեցի՞ք արդյոք… խեղճ պատանիք, արդար և, մեծ առաքինություն է Ձեր աշխատողությունը… Նիկողայոսներին, Ռուբենին և այլոց բարև կանես իմ կողմանե։ Մի՛ հուսահատիք, աստված ողորմած է։ «Հալբաթ մեկ օր էլ