Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/147

Այս էջը սրբագրված է

կծ-կել, կ-ծիկ, գ-նաց, մ-նաց, խ-մոր, կ-րակ, կ-տուց, կն-դրուկ, մու-կն, ձու-կն, մկ-րատ, նու-ռն, գա-ռն, մ-կն-դեղ, նա-կհ-դեղ, մ-նա-ցա-կան, գն-գա-սեղ, բ-ժիշկ, ձ-մե-ոն, ա-մա-ոն, խղճ-մ-տանք և այլն։

Ես կարող էի էլի մի քանի աստիճան ավելացնել և եղածն ավելի քիչ աստիճանի մեջ դնել. այդ իրավունքը տալիս եմ և վարժապետին։ Միայն այսքանն ավելորդ չեմ համարում ասել, որ բոլոր այս աստիճանների մեջ մենք միայն լուծել տվինք։ Դա մի նախապատրաստություն էր թելադրության, գրության։ Երբ երեխային ասում ենք մի ամբողջ նախադասություն, նա նախ և առաջ նույն նախադասությունը լուծում է բառերի, հետո սկզբի բառից սկսում է վանկել և վանկերը լուծելով՝ գրել։ Երբ երեխային հայտնի է ամբողջը, նորան մնում է միայն լուծել, և այդ գործը նա կատարում է այնքան հեշտությամբ և արագ, որքան որ լավ է վարժված լուծելու մեջ։ Բայց այսպես չէ կարդալը։ Երբ երեխան պիտի կարդա ուրիշի գրածը կամ տպածը, նորան հայտնի չէ ամբողջը, որ լուծել կարողանա, նրան միայն մասերն են հայտնի, որոնցից նա պիտի մի ամբողջ կազմե, որ կարող է անել միայն բաղադրելով։ Եթե երեխան լուծելում ավելի վարժ է, քան թե բաղադրելում, նա շատ լավ կգրե, բայց վատ կկարդա։ Ուրեմն ինչպես լավ գրելու համար հարկավոր է վարժ լուծել իմանալ, նույնպես լավ կարդալու համար հարկավոր է վարժ բադադրել իմանալ։ Ուրեմն բաղադրել սովորեցնելն ևս մեծ խնամքի և օժանդակության կարոտ է։ Եթե այդ գործի մեջ երեխային անօգնական թողնենք, նա մի տարումը կարող չէ ձեռք բերել այն, ինչ որ վարժապետը կարող էր մի ամսումը տալ։ Եթե երեխան պետք է թույլ լինի կամ գրելում և կամ կարդալում, ես ավելի ներելի եմ համարում կարդալու թուլությունը, քան թե գրելու։ Մեր դպրոցների մեջ նույնիսկ հարցաքրննությունների ժամանակ կարդացնել են տալիս անգիր սերտած հոդվածներ, որով կամենում են ցույց տալ, թե որքան վարժ են կարդալու մեջ, մինչդեռ միևնույն գրավարժ երևցող երեխայքը մի անծանոթ գրքից չեն կարողանում մի բառ կարդալ, և որ ավելի վատն է, մի

147