Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/168

Այս էջը սրբագրված է

ես կազմեցի առաջարկյալ դասերը։ Միևնույն կանոնից օգուտ քաղելով՝ ուրիշները կարող են և ազատ են այլ ձևով չդիմել բուն նպատակին, որ է՝ զննական և գիտակցական առնել կարդալը և հնար տալ աշակերտին որքան կարելի է շուտով ազատվելու այլոց թելադրությամբ կարդալուց։ Հիշյալ կանոնը առաջին երեք դասի մեջ պարզված է. վերջին երեք դասը ավելի վերաբերում են լեզվի նրբություններին, որոնցից միայն մի քանիսը մեջ բերինք՝ ցույց տալու համար, թե վարժապետները պետք է առանձին ուշադրություն դարձնեն նաև այդ հանգամանքի վրա։


ԱՌԱՋԻՆ ԴԱՍ


- Երեխեք, ես այսօր պետք է սորվեցնեմ ձեզ, թե ինչպես պետք է վանկելով կարդալ։ (Կրկնում են շատերը, թե ի՞նչ պետք է սովորեցնե վարժապետր)։ Դուք բերանացի ձեզ առաջարկված բառերը շատ լավ եք վանկում. որոշում եք ամեն մի վանկի հնչյունները և ուղիղ գրում. բայց գրքի մեջ եղած բառերը կամ ուրիշի գրածը, շատ անգամ նույնիսկ ձեր գրածը չեք կարողանում ուղիղ վանկելով կարդաք,այլ շատ դժվարությամբ և շատ սխալ ու անկանոն։


Դուք հո գիտեք, թե մեր ո՞ր գրերն են ձայնավոր ասվում և որոնք բաղաձայն (հարցուփորձ և կրկնություն ձայնավորների և բաղաձայնների վերաբերությամբ. ձայնավորների կարգումն են երկբարբառները և այ, ոյ մասնիկները)։


Շատ լավ․ տեսեք ահա ևս գրատախտակի վրա կգրեմ մի բառ (Գրում է «բարի»։ Շատերն անհանգստությամբ շշնջում են «բարի»)։ ճշմարիտ է, ես գրել եմ «բարի», բայց դուք ինձ այն ասացեք, ինչ որ ես ձեզ կհարցնեմ։ Այստեղ քանի՞ ձայնավոր կա, քանի՞ բաղաձայն, ո՞րն է առաջին ձայնավորը, երկրորդը. առաջին բաղաձայնը, երկրորդը։ Շատ լավ։ Ես հիմա այս բառը կգրեմ վանկ-վանկ, որ տեսնեք աչքով, թե ինչպես է վանկվում։