Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/171

Այս էջը սրբագրված է

— Ո՞վ է կարող գտնել սրա առաջին վանկը (ոմանք ասում են` ա, և ոմանք՝ ամ): Հիմա ինչպե՞ս իմանանք, թե ո՞րն է ուղիղը։ Արշակ, դու ինչո՞ւ համար ես ասում ա, և ոչ ամ (չգիտե պատճառը, ենթադրում է միայն)։ Սարգիս, դու ինչո՞ւ համար ես ասում՝ ամ, և ոչ՝ ա (չգիտե)։ Բայց դուք ճանաչո՞ւմ եք արդյոք սրա մեջ եղած ձայնավորներն ու բաղաձայնները (հարցուփորձ ձայնավորների և բաղաձայնների)։ Շատ լավ։ Հիմա միտներդ բերեք, որ բաղաձայնը կպչում է իրանից հետո եղած ձայնավորին՝. եթե այդպես է, ուրեմն ո՞րը կլինի սրա առաջին վանկը, ա՞, թե ամ (մեծամասնությունը և հետո ամենքը վճռում են, որ պետք է ասել ա և ոչ թե ամ. և բացատրում են պատճառը)։ Ճշմարիտ է, պետք է ասել ա եւ ոչ թե ամ. ես խոմ չեմ ասել, թե ձայնավորը կպչում է իրանից հետո եղած բաղաձայնին, այլ թե բաղաձայնն է կպչում իրանից հետո եղած ձայնավորին։ Դուք ուղիղ գտաք առաջին վանկը, բայց կարո՞ղ եք առանց մյուս վանկերը գտնելու, ասել ինձ, թե ո՞րն է այստեղ վերջին վանկը (ամենքն են մասնակցում այդ հարցերի պատասխանին)։ Ո՞վ կարող է մեջտեղից մի վանկ գտնել, որ ուղիղ լինի, ո՞վ կարող է երկրորդ վանկը գտնել, որ ուղիղ լինի, ո՞վ կարող է երրորդ վանկը գտնել, երկրորդը, չորրորդը, վեցերորդը, յոթներորդը, հինգերորդը, առաջինը, երկրորդը… շարունակ (բոլոր հարցումներին պատասխանում են սխալ և ուղիղ, բայց ինչպես վարժապետը, նույնպես և աշակերտները հնար ունեն ապացուցանելու, թե՝ սխալն ինչո՞ւ է սխալ և ուղիղն ինչո՞ւ է ուղիղ, հիմնվելով այն կանոնի վրա, որ բաղաձայնը, երբ նա երկու կողմից էլ ձայնավոր ունի, կպչում է իրանից հետո եղած ձայնավորին, որով վերջ ի վերջո շտկում են իրանց սխալը և ուղիղ վանկերով կարդում)։


— Այժմ դուք միաձայն վանկեցեք այդ բառը, իսկ ես կգրեմ վանկ֊վանկ։ Երեխեքը կարգով վանկում են և վարժապետը գրում է՝


                                     Ա-մե-նա-մե-ծա-րե-լի