Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/203

Այս էջը սրբագրված է

որ գերմաներեն թարգմանությունից հայերենի է վերածել մեր հայտնի թարգմանիչ պ. Փիլիպպոս Վարդանյանը։

Եթե անգլիացոց նման մի բարեպաշտ և բարեկիրթ ժողովրրդի համար հարկ է համարվել բնավորության լավագույն օրինակներ տալ, եթե գերմանացոց նման մի ավելի ևս բարեմարզված ժողովրդի համար հարկ են համարել թարգմանել իսկույն, որքան առավել դա պետք է մեզ համար, մե՜զ, որ հին բնավորություններս խախտել ենք և նորը դեռ չենք կազմակերպել։


Ժողովրդի մեջ ընդունված և տարածված մի հատիկ պատվական գիրքը հրաշագործ դաստիարակի պաշտոն է կատարում, նրա միջնորդությամբ բյուրավոր անհատներ սերտ սիրով կապվում են միմյանց հետ, միակերպ խորհում, միակերպ գործում, միակերպ հառաջ ընթանում դեպի կատարելություն։ Ուղիղ այսպիսի մի գրքի տեղ կարող է բռնել Սմայլսի «Բնավորությունը» և ցանկալի է, որ այս գիրքը իր ձեռքումն ունենա ամեն մի ծնող, ամեն մի դաստիարակ և ամեն մի ուսանող։ Այս իսկ պատճառով մենք կարևոր ենք համարում գնել այստեղ նրա բովանդակությունը, հուսալով, որ սրանով կշարժենք մեր ընթերցողների հետաքրքրությունը և առիթ կտանք օր առաջ ձեռք բերելու այս պատվական գիրքը։

Մեր թարգմանողներից միայն պ. Փ. Վարդանյանն է հասկացել, թե որպիսի գրքեր պետք է տալ ժողովրդի ձեռքր, որ թե՛ գրավիչ լինեն և թե՛ օրինակելի։ Նա արդեն տվել է մեզ Ֆրանկլին, Վաշինգտոն, Իլիական, Ոդիսական, Ռորինզոն, Հուս, Լութեր, «Մահմեդի կյանքը», պատրաստի ունի Սմայլսի «ինքնօգնությունը» , Գրուբեի «Պատմական պատկերները», Կորշի «Վոլթերի կյանքն ու գրվածքները», Շիլլերի «Ավազակները» և մի շարք վեպիկներ «Արևելյան Վիպաշխարհ» և էլի ով գիտե ինչ պատվական ծաղիկներ պիտի ընտրե ընդհանուր գրականության հոտավետ բուրաստանից, բայց ցայժմ տվածներն էլ մի գեղեցիկ առտնին մատենադարան է։ Ահա մի ժրաջան մեղու, որ գիտե, թե ինչ ծաղիկնեքից պետք է մեղր շինել։ Պարոն Վարդանյանը իր լեզվի մշակությունը վերին աստիճանի կատարելագործության է հասցրել։ «Բնավորության» լեզուն իր առաջին թարգմանություններից անհամեմատ պարզ է, սահուն և կոկ, Շնորհակալությամբ հանդերձ շնորհավորում ենք պարոնի արած հսկայական հառաջադիմությունը։


1888