Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/244

Այս էջը սրբագրված է

«ԴԱՍԸՆԿԵՐ» ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ


Լրագրներում կարդացի, որ դուրս է եկել մի այբբենարան «բոլորովին նոր ուղղությամբս»։ «Դասընկեր»-ի մասին էր խոսքր։ Թերթեցի այդ դասագիրքը և չգտա նրանում ոչ մի նորություն։ Սակայն նրա հայտարարությունը իրավի որ «ամենանոր ուղղությամբ» էր արված, բոլորովին ամերիկական մեթոդով։ Այս հայտարարությունից դրդված, ես անպատշաճ չեմ համարում իմ կարծիքս հայտնել այս նոր այբբենարանի մասին։


«Դասընկեր»-ի վերջում կա մի «Համառոտ բացատրություն գործադրողներին», որ սկսվում է հետևյալ տողերով․

«Արդեն էքսպերիմենտալ մանկավարժությունը բազմաթիվ փորձերով ապացուցել է, որ ձեռագրից արտագրելը երկու անգամ պակաս սխալներ է տալիս, քան տպագրից արտագրելը։ նույնպես ապացուցված է, որ ձեռագրով գրել կարդալ սովորեցնելը անհամեմատ ավելի արագ և հաջող արդյունք է տալիս, քան տպագրովս»։


Սրա վրա կուզեմ ավելացնել, որ շատ մանուկներ սովորություն են ունենում տառ առ տառ գրելու անսխալ, բայց բանից դուրս է գալիս, որ նրանք իրենց արտագրածը կարդալ չեն կարողանում։ Այդպիսիներին պետք է ստիպել, որ իրենց արտագրած բառերը գրված լինին վանկ-վանկ։ Ուղիղ վանկերով արտագրել չեն կարող, մինչև բառն ամբողջովին կարդացած չլինին։


244