Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/275

Այս էջը սրբագրված է

հանձն կառներ չարչարանք և տանջանք, մանավանդ որ նրանց մյուս կողմից խոստանում էին մեծամեծ պարգևներ— փառք, պատիվ, իշխանություն, մեծություն, միայն թե նրանք ետ կենային իրանց հավատից, իրանց քարոզից, իրանց գաղափարից։ Կարդացեք մեր թագուհիների — Սանդուխտի և Շուշանիկի նահատակությունը և կտեսնեք, որ հիրավի մե՜ծ է առաքինության ուժը, նա մի երկնային զորությոէն է, որին կարող չէ հավասարվիլ ոչ մի աշխարհային, ոչ մի ֆիզիկական ուժ։

Եվ հիմա երևակայեցեք ձեզ, թե առաքինի անձինք արդյոք իրանցից զզվելի՞ս կլինեին, թե՞ իրանցով զմայլվելիս, իրանց սիրելի՞ս կլինեին, թե՞ ատելիս։

Երանի՜, հազա՜ր երանի այն մարդկանց, որոնք իրանց անձնավորությունից չեն զզվում, այլ զգում են իրանց մեջ աստվածային զորություն, նախախնամության հովանավորություն, գոհ են իրանց գործից, արարմունքից, խաղաղ և հանգիստ խիղճ ունին, կարող են դիմակ չդնել իրանց երեսին գրական ասպարեզում, այլ կպտտեն համարձակ և ճակատաբաց, իրավունք կունենան կշտամբելու իրանց հակառակորդներին, իրավունք կունենան ուսուցանելու «որպես իշխանությամբ, և ոչ որպես դպի րքն»։

Իմ հակառակորդները ծայրահեղ տգետ լինելով (մոլի մարդիկ ճշմարիտ գիտնական լինել կարող չեն, այլ միայն կլինին թութակ գիտության), ինձ այնպիսի հատկություններ էին տալիս, որ իսկապես մոլություն չէին, այլ առաքինություն, բայց իրանք մոլի լինելով նույն առաքինության հոտն ու համը չէին զգացած։ Եվ այսպես են լինում միշտ անհավատներն ու մոլորյալները, մոլության մեջ ապականվածները, նրանց գործ դրած սուրը միշտ դառնում է դեպի իրանց, որովհետև ամենայն ինչ նրանց ուղեղի վրա հակառակ դիրքով տպավորվելով՝ այնպես էլ մնում է, նրանց ուղեղի մեջ չկա հակաշրջող և մարսող զորություն։ Այսպիսիք ավելի անբան են, քան Բաղաամու էշը, որը տեսավ հրեշտակին իր առջև կանգնած սուրը ձեռին և ասաց իր տիրոջը. չե՞ս տեսնում, տիրոջ հրեշտակն է առջևդ կանգնած։ Որքա՜ն մեծ բարոյական միտք կա այս լեգենդայի մեջ։