Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/308

Այս էջը սրբագրված է

Հին, ուր` պետք է ասել, ավելի մեծ գործեր ուներ կատարած իր վարդապետ եղած ժամանակ իբրև ուսուցիչ։ Նա բազմաթիվ հայկաբան և կրոնասեր քահանաներ տվավ Դուգարաց աշխարհին, որպիսիք չեն դուրս եկած Ներսիսյան դպրոցից: Հին առաջնորդը գնաց և նրա տեղ եկավ նորը։ Լավ աոաջնորդի սով լինելով եկողն ամենից լավ էր համարվում։ Հիրավի նա թեև մի տդետ, թույլ, դանդաղ, անգործունյա, արծաթասեր և խավարամիտ մարդ էր, բայց բնականաբար իր նախորդի թշնամիների— այն է զորեղ երիտասարդության կողմն անցնելով` նրանց պաշտպանության տակ պատըսպարվեցան նրա բոլոր պախարակելի թերությունները և մեռելային անգործունեությունը։ Այդ մարդը տասնչորս տարի առաջնորդություն արավ մի ընդարձակ թեմում և ամենայն տեղ տարածեց իր ամլություն սփռող շնորհքը առանց մի որևէ հիշատակության արժանի բան թողնելու։ Դա վնասակար էր իբրև իզուր երկիր խափանող մի անպտուղ ծառ: Ոչինչ չէր քանդում, որովհետև այդ ևս մի բան անել կնշանակեր, ինչպես և չէր շինում ոչինչ։ Բայց ոչ շինողներին և ոչ քանդողներին արգելք չէր լինում։ Նա ինքն ասում էր շատ անգամ հետևյալ ճառը. «Ես մի վանական մարդ եմ. աշխարհք չտեսած, աշխարհին անծանոթ, աշխարհին, որ լիքն է հազար ու մեկ փորձանքներով։ Եվ աշխատում եմ ոչ թե մի որևէ օգուտ տալ, որ իմ կարողությունիցս վեր է, այլ ամենայն ջանք գործ եմ դնում, որ եթե հնար է` վնաս չտամ: Ուստի օգուտ ինձանից մի սպասեք, այլ բավականացեք չտված վնասովս։ Ես նոր բան տալ չեմ կարող, այլ գոհ կլինեմ, եթե կարողանամ եղածը պահել։ Վասնորո աղոթեցեք աստուծո վասն իմ, զի տացե ինձ զկարողություն պահպանելս զձեզ անվտանգ ամենայն փորձութենե աշխարհիս. Ամեն»։ Սրբազանի այս ճառը, որ թե ուղիղ կշռած և նախամտածած խոսքեր էին և թե ճշմարիտ, նրա պաշտպան աղվեսները սրբազանի համեստությանն էին վերագրում, որ սխալ էր բոլորովին։ Նա ինքր թեև չուներ զարգացած խելք, բառիս բարոյական նշանակությամբ, իբրեվ փորձառու հայի տիպար իր բնական խելքովը շատ բարձր էր իր աղվեսնե