Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/327

Այս էջը հաստատված է

Այսպես կարող էին լինել միայն Ադամն ու Եվան անմեղության դրախտումը իրանց մանկական հասակում, նախքան բարվո և չարի գիտության ծառի պտղից ճաշակելը։ Ինչպես խորամանկ օձը՝ նայելով նրանց անմեղության վրա՝ կարող էր զանազան կասկածներ տանել և աշխատել նրանց սրտի մեջ ևս ձգել այդ կասկածը, ճիշտ այսպես վարվեցան ինձ հետ էլ իմ անմեղ սիրույն ականատես եղողները։

Բանն ահա ինչպես էր։ Շամշուլդա գյուղի քահանայի մոտ կարդալիս ես դասընկեր չունեի, իսկ խաղընկերներս իմ հասակակից աղջկեք էին։ Սրանց մեջ ամենից փոքրը յոթը տարեկան մի աղջիկ էր, անունը Մայիկո։ Սա իր ծնողաց մինուճար զավակն էր, այս պատճառով էլ նրան միշտ զուգած ու զարդարած էին պահում, որով ամենից սիրուն էր թվում իմ աչքումը և ամենից շատ դուր գալիս։ Ինչպես երեխան սիրում է իր զուգած տիկնիկը, անդադար շտկում է նրա զուգսը, գգվում, համբուրում, ես էլ ճիշտ այդպես էի վերաբերվում Մայիկոյին։ Աղջկա մայրը հակառակ չէր իմ այսպես վերաբերվելուն, ընդհակառակը, նա ավելի ևս խրախուսում էր ինձ, արծարծում էր իմ սերը, զանազան անուշեղեն ուտեցնելով։ Աղջիկն էլ մորիցն ստացած մրգեղենն առանց ինձ չէր ուտում։ Այսպես ահա իմ սերն օրեցօր ավելի աճեց և ավելի տաքացավ։ Սիրտս այնպես կպավ Մայիկոյին, որ էլ չէի կարողանում նրանից բաժանվել, միշտ ուզում էի նրա հետ նստել, նրա համար երգել։ Նրա անունով գրում էի սիրո երգեր, իհարկե, նախագեղարվեստական, բայց սքանչելի երկուսիս համար էլ. քաշում էի և իմ ու նրա պատկերները կողք կողքի, ինչպես հարս ու փեսա, իհարկե նախապատմական ճաշակով, բայց մեր երևակայության համար շատ զմայլեցուցիչ։ Դասերս այլևս չէի սերտում և բերան անում առաջվան ժրաջանությամբ. այժմ նրանք շատ չոր էին թվում և շատ տաղտկալի, ինչպես որ էին իրոք էլ։

Տերտերս նկատեց այս, սկսեց հանդիմանել, ուզեց ինձ հասկացնել, որ իմ արածը լավ բան չէ, և կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ Ես լսում էի և գլխի էի ընկնում, թե ինչ է ուզում ասել, բայց այս հանգամանքն ավելի էր սաստկացնում իմ սերը դեպի Մայիկոն։