Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/331

Այս էջը հաստատված է

է, որ այդ պատերազմը վերջ չունի, և որ այս դարում գործ դրած զենքը մյուս դարում կարելի չէ գործածել իբրև հնացած և անպետք։ Ինքնուրույն լինել կնշանակե մի կաղապարով ձուլված հասարակությունից տարբերվել։ Այդպիսին կլինի մյուսների համար մի հրեշ. նրան մի տեղ կխաչեն, մի այլ տեղ կբանտարկեն. նրան կհամարեն խենթ, վտանգավոր և այլն։ Այդպիսին արդարև մի խենթ է, մի ցավագար, գիտակից ոչինչ չկա նրանում, ամեն ինչ կատարում է բնազդմամբ, մի ներքին անդիմադրելի դրդումից, մի աներևույթ զորության թելադրությամբ։

Երբ որ հայրս դուրս արավ ինձ երկրորդ անգամ, ինձ համարելով անառակ որդի, ես, ընդհակառակը, ինձ համարեցի Եսավից հալածված մի Հակոբ, եղբայրներից վաճառված մի Հովսեփ, Եգիպտոսից փախած մի Մովսես։ Մեծ էր հավատս, որ ունեի դեպի իմ արարիչս, շատ մեծ։

Ես ընկա երկրիս օվկիանոսը, ինչպես մի հեքիաթական աշխարհի մեջ, ինչպես մի առասպելական, այլ ոչ իրական կյանքի մեջ։ Այդ կյանքի հետ ես բնավ ծանոթություն չունեի, դրսի կեղևն էի տեսել միայն և շատ հավանել, բայց չգիտեի, որ նա մի զարդարուն գերեզման է, չգիտեի, որ նրանում զարհուրելի գազաններ և միջատներ կան.. Շարունակ յոթը տարի պտտվեցի ես այդ զզվարանումը, որ աշխարհք է անվանվում և կյանք, բայց պտտվեցի ինչպես կախարդված, ինչպես հիպնոզացրած, որ չգիտե ինքը, թե ուր է գնում և ինչ է անում, բայց որ կարծես գնում է մի արդեն նախասահմանված ճանապարհով։ Ինչպես հնդկական հավատով մարդու հոգին մի նախասահմանությամբ անցնում է զանազան առարկաների և կենդանիների միջով, որ նրանցում զտվի, մաքրվի և ապա թե միանա Բրահմայի հետ, ճիշտ այսպես եմ գտնում այսօր և ես իմ կյանքը. սա ևս անցել է և դեռ պիտի անցնի զանազան կենդանիների միջով՝ օձերի, գորտերի, էշերի, կապիկների, գայլերի, ոչխարների և այլ կենդանիների, որ ավելի մաքրվի և միանա իմ պաշտած անիմանալի Զորության հետ, այն Զորության, որի հավատը միշտ ունեցել եմ և զգացել իմ մեջ իբրև ինձանից անբաժան մի սիրտ և մի հոգի։