Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/337

Այս էջը սրբագրված է

պաշտպանել։ Երեխան աստուծուն պետք է հավատա, թե նա է անսահման բարի հայր։ Թող հավատա, որ նա է աղբյուր ամենայն բարյաց, որ նա իր հովանավորությունը տարածում է մեզ վրա ամենայն տեղ։ Մեծ է այս հավատի զորությունը, շատ մեծ։ Եվ ինչո՞ւ երեխան իր սրտումը չկրե այդ ամենամեծ և անսահման բարի զորությունը, այդ ամենաքաղցր հոր ամենասուրբ անունը։ Հայրեր կան, որ շատ չար են և անպիտան։ Երեխաներին պետք է հասկացնել, որ հայր աստծուն իրանց հայրերին չնմանեցնեն։

Երբ մի երեխայի հավատացնում են, որ նա ունի աստվածատուր առանձին շնորհք, երեխան նախապաշարվում է և այն համոզմունքն է կազմում, որ աստված շատերի միջից նրան է ընտրել։ Այդպիսի երեխան, եթե իրավ ունի այդ շնորհքը, շատ առաջ կերթա, նա կլինի չափից դուրս չէ՞ որ աստուծո է, նրա սիրելին, գտնվում է նրա առանձին խնամքի և հովանավորության տակ։ Այսպիսին ինչ նեղության, ինչ տանջանքի մեջ էլ լինի, միշտ կհուսա, որ այսօր է, թե վաղը նրան այդ նեղությունից կհանե իր ամենաբարի հայրը, և եթե չհանի էլ, նրա կամքի դեմ չի տրտնջալ, կերևակայե, որ շուտով կարժանանա նրա տեսությանը, որ ավելի էլ մեծ երջանկություն է։ Ես ենթադրում եմ, որ այս հավատն ունեցողը կարող չէ չարիք գործել, քանի որ իր իդեալը իր անսահման բարի հայրն է։ Նա կարող չէ քարանալ մեկ տեղ և անշարժ մնալ։ Պետք է ձգտի, պետք է դիմի դեպի այն բարձրությունը, դեպի որը ձգտելու նրան հմայել են զանազան գուշակություններով։

Փոքր ժամանակս ես մեծանալով ամեն տեսակ նախապաշարմունքների մեջ, անխտիր հավատում էի ամեն լսածիս։ Աստվածածնին ներկայացնում էին իբրև բարեխոսող աստուծո առջև։ Ասում էին, որ նա շատ անգամ, երբ աշխարհի վրա մի նեղություն է գալիս, աղաչում, աղերսում է աստուծուն և իր արտասուքով նրա գութը շարժում, որ նա վերացնի աշխարհից իր տված պատիժը, ների մարդկանց հանցանքը։ Սրա համար ես այն եզրակացության էի գալիս, որ աստվածածինը մի շատ գթառատ մայր է, իսկ աստված՝ մի անգութ մողրով։ Ի՞նչ կլիներ մեր ճարը, եթե աստվածածինը