Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/369

Այս էջը սրբագրված է

նակեցին երեսուն կոպեկ տառավարձ հազարի վրա, որ էր ռուսերենի կրկնապատիկը,։ Այս գնով լավ գրաշարը կարող էր ամսական մինչև հարյուր և հարյուր հիսուն մանեթ վաս տակել։ Ես ինձ ապահովացրի։ Մնում էր Միքայելիս հոգսը քաշել և Մոսկվայի դժոխքից ազատել։ Նրա ցանկությունն էր ձուլարան մտնել և այդ արվեստն օրինավոր կերպով կատարելագործել։ Պետերբուրգում այդ ժամանակ ամենալավ ձուլարանը գերմանացի Լեմանինն էր, որին և դիմեցի ես։ Սա չէր հոժարում ընդունել, առարկելով, թե այդ բոլորը, ինչ որ ուզում եք, որ ձեր եղբայրը սովորի, դրանցից շատերը մենք գաղտնի ենք պահում։ Բացի սրանից մեր գործարանում գործը բաժանված է շատ մասերի, և մեկին վարժեցնել բոլոր մասերի վրա էլ' մեզ ձեռնտու չէ։ — Գի՞տեք ինչ կա, — ասացի. — մենք չորս հազար վերստ տարածություն անցնելով, և այն էլ համարյա ոտքով, չենք եկել այստեղ ձեր հացը կտրելու, այլ որ այդ շնորհքը տանենք ձեզանից շատ և շատ հեռու մի մութ աշխարհ։ Իմ եղբայրս այդ գործից խամ չէ և այնքան էլ ընդունակ է, որ ինչ գործի վրա էլ կանգնեցնեք, նա չի փչացնիլ։ Նրան պետք է բոլոր մասերը գիտենալ, սկսած հասարակ ձուլվածքից մինչև մայրերի հղկումն ու հարդարումը։ Մենք չէինք կարծում, որ լուսավորյալ և քրիստոնյա Եվրոպան լուսաթաքույց կլինի և որևէ բան կծածկի խավար Ասիայի համար։ Հիմա ի՞նչ պիտի անենք մենք այսպիսի հուսախաբությունից հետո. գուցե հարկավոր է, որ մեծ մարդիկ միջնորդեն մեզ համար, բայց տարաբախտաբար մենք պանդուխտ ենք, ոչ ոքի չենք ճանաչում, կամ ով բանի տեղ կդնի մեզ պես հասարակ արհեստավորներին։ Եթե եղել եք երբևիցե մեր վիճակում, կարող եք երևակայել, թե որքան թշվառ պիտի լինինք մենք։ Այս խոսքերն ասելիս աչքերիցս արտասուք էին թափվում... Լեմանը հուզվեց։ Բանից երևաց, որ նա էլ է մեր վիճակում եղել մի ժամանակ։— Լավ, Լավ— ասաց,— մի հուսահատվիր, գրեցեք եղբորդ, թող գա։ Այս ասելով վեր կացավ տեղիցը և ինձ ղահվեի հրավիրեց վերև իր տանը։ 369 24 Ղ․Ազայան, երկերի ժոդ. հ. IV