Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/387

Այս էջը սրբագրված է

Հիրավի այդ ժամանակ նյութական նեղ վիճակի մեջ էի, բայց Միքայելս անհապաղ օգնության հասավ։ Ես փորձերի նորից գրել նախկին պոեմաս՝ շատ բան էր միտս, թե ինչպես էի գրել, իսկ նյութն արդեն ծանոթ էր։ Մինչև երեկո գրեցի, իսկ երեկոյին գնացի ինձ վաղածանոթ մի հայ ուսանողի մոտ, որ հիվանդ էր թոքախտով և պառկած։ Սա էր Հովսեփ Անանյանը, մի շատ ընդունակ երիտասարդ, համալսարանի մաթեմատիկական բաժնում։ Զուրկ լինելով նյութական օգնությունից, նեղություն շատ քաշեց և վերջը թոքախտ ստանալով՝ այստեղ էլ մեռավ։


Հովսեփը պառկած էր, իսկ ես մոտը նստած խոսում էի։ Այս միջոցին ներս եկավ կից սենյակից մի երիտասարդ, գլխին մեր թարաքյամաների մոթալ փափախներից մեկը ծածկած, նախշուն և վառվռուն աչքերով։ Հովսեփը ծանոթացրեց, ասելով նվազ ձայնով․ - Ռուբեն Ջալալյանց և Ղազարոս Աղայանց։


Ռուբենը ձեռքս բռնեց և մոտս նստեց լուռ ու մունջ. ես նրան ուսանողի տեղ չդրի։ Հովսեփին արգելված էր խոսելը, ես շարունակեցի իմ խոսակցությունը, որ մի տեսակ բողոք էր հայերի դեմ Նազարյանցի մեթոդով։

Վերջը Ռուբենն սկսեց խոսել, որից երևաց, որ մոթալ փափախի մեջ պատսպարված է մի հրաշալի գլուխ։


- Դուք շատ սխալվում եք, - ասաց, այստեղ կան և շատ լավ հայեր, որոնք ձեզանից ավելի են ատում ձեր ատած մարդկանցը։ Որպեսզի ապացուցանեմ ձեզ, որ դուք սխալվել եք, հենց այս երեկոյիս ես ձեզ կտանեմ լավ մարդկանց մի շրջան։


- Շնորհակալ եմ, - ասացի, - եթե կան, կհանդիպեմ մեկ անգամ։


- Ո՛չ, հենց այս երեկոյին, ես այս րոպեիս կհագնվեմ և միասին սահնակ կնստենք կերթանք։

Ռուբենը գնաց հագնվելու, իսկ Հովսեփը հայտնեց ինձ, թե այս երեկոյին դրական ժողով ունին ուսանողները պ. Եզյանցի տանը․ այնտեղ է ուզում տանել քեզ։ Գնա՛, վստահ եղիր, մի վախենար, Ռուբենին հավատա՛, շատ ազնիվ տղա է ու մոլեռանդ հայրենասեր…


387