Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/388

Այս էջը սրբագրված է

Ռուբենը ինձ տարավ պ. Եզյանցի տունը, ուր հետզհետե հավաքվեցին շատ ուսանողներ։ Դրանցից ոմանք իմ պատանեկության ընկերներն էին և շատ ուրախացան ինձ տեսնելով։ Ռուբենը ինձ ծանոթացրեց ամենքի հետ էլ և ամենքն էլ սիրալիր ընդունելություն ցույց տվին։ Պարոն Եզյանցը, երևի Ռուբենից տեղեկություն քաղելուց հետո, ինձ վրա առանձին ուշադրություն դարձրեց։ Մեկուսացրեց մի այլ սենյակ, խոսեց, խոսեցրեց, ե երևի մի որևիցե գաղափար կազմեց իմ մասին, գոնե կնկատեր, թե ես ինչպես եմ խոսում հայերեն, որ այդ ժամանակ նշանակություն ուներ։ Կարդաց և կարդացրեց Ալիշանի ոտանավորներից, իբր թե նրա համար, որ տեսնեմ, թե ի՜նչ հրաշալի բանաստեղծություն է։ Այս մարդու վարմունքը ինձ հետ պարզ չէր։


Թեյ բաժանեցին շամպայնի բակալների նման բաժակներով․ սկսվեց ընթերցանությունը։ Այդ երեկոյին կարդացին երեք հոգի։ Նախ կարդաց Եվանգուլյանցը իր աշակերտական հիշողությունները, որ հետո տպվեց «Մեղվի» մեջ։ Նրանից հետո կարդաց Ա. Բաբայանցը մի թարգմանություն Հեյնեի բանաստեղծություններից։ Սա այն ժամանակ համալսարանի լեզվաբանական բաժնումն էր։ Բաբայանցից հետո կարդաց Ա. Արծրունին։


Ընթերցմունքն ընդհատվում էր ընդմիջումներով։ Ընդմիջումներում անցուդարձ էինք անում ընդարձակ սենյակներում. մոտ էին բերում մրգեղեն, լավ տանձ ու խնձոր։ Անդրեաս Արծրունին ածում էր դաշնամուրի վրա։


Ամեն մի հոդված կարդալուց հետո քննադատում էին նույն գրվածը մանավանդ լեզվի կողմից, որ գլխավոր նպատակն էր ժողովների։ Այդ կարծիքներն արձանագրվում էին։ Արձանագրողի կամ քարտուղարի պաշտոնը վարում էր Ռուբեն Ջալալյանցը։ Արձանագրությունը կարդացվում էր հենց նույն երեկոյին ժողովի վերջանալուց հետո։


Պ. Եզյանցը ինձ մեկուսացրել էր մի ուրիշ սենյակում, երբ զանգը տվին և նիստի հրավիրեցին անդամներին։


- Գնանք, - ասաց պ. Եզյանցը, - արձանագրությունը պիտի կարդան, լսենք, տեսնենք ինչ են գրել։ Ռուբենը կարդաց արձանագրությունը կարդացած հոդ֊


388