Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/415

Այս էջը հաստատված է

Վարժապետը նմնըմացրեց և ասաց կըմկըմացնելով՝- «Հը՞մմմ… ինչպես ասեմ… համարյա թե»։ Սրա վրա ես դարձա իրան և հանդիմանեցի ռուսերեն. - Հիմար, - ասացի,- ինչպես «համարյա թե», ի՞նչ մեղք կլինի, որ սա քո հայրը լինի. դու կարծում ես, որ սրանից շա՞ տ լավ մարդ ես. սա գոնե մի բնական մարդ է, իսկ դու մի շինովի արարած»…

Ահա այսպիսի որդիք էլ կան, որոնցից վատթարները նույնպես կան։ Այսպիսիների ծնողքը վերակենդանանալ կարող չեն, նույնիսկ ունեցած կենդանությունն էլ կկորցնեն։

Հայրս մեկ անգամ ասաց. - Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ քո ուսման համար ոչ մի կոպեկ ծախք չեմ արել:

— Իսկ ես կարծում եմ,- պատասխանեցի,- որ քեզանից ահագին դրամական օգնություն եմ ստացել։

— Այդ ե՞րբ, որտեղի՞ց, ինչպե՞ս։

- Քեզանից, քո հոգուց, քո մարմնից։ Չէ՞ որ ես քո ծնունդն եմ։ Եթե իմ հայրս դու չլինեիր, քո բոյ ու բուսաթով, քո առողջ կազմվածքով, քո բնական ձիրքերով և շնորհքով, այլ լինեի մի անշնորհք մարդ, մի ապուշ և թույլ արարած, ի՞նչ ես կարծում, ես այնուհետև մի՞թե կարող կլինեի բանի նման մի բան դառնալ, թեկուզ միլիոններ ծախսեիր վրաս։ Ո՛չ, հայր, դու շատ բան ես տվել ինձ, ինչ որ դու տվել ես, մանեթներից շատ և շատ թանկ է…

—Ապրիս, որդի, որ այդքանը հասկանում ես,- պատասխանեց հայրս, տեսնելով որ ես ժառանգական հատկություններին մեծ նշանակություն եմ տալիս։

Ուշադրության արժանի է, հիրավի, որ ժառանգական հատկությունների մասին մեր բոլոր գյուղացիք ամենայն տեղ պարզ գաղափար ունին, թեև դրանից շահվելու գիտակցությունը նվազ է և համարյա թե չունին։

XIX

Գյուղումը երկար մնալով՝ ես մեր տանը մի օգուտ տալ չէի կարող, բացի վնասից։ Պետք է շուտ վերադառնայի քաղաք։ Մտադրությունս հայտնեցի հորս։


415