Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/421

Այս էջը սրբագրված է

թողած ապառիկների ետևից ընկավ։ Մի օր մի ահագին կապոց թղթեր ձգեց առաջս, որ նրանցում փող գտնեմ։ Բոլորն էլ մուրհակներ էին, բայց որի ժամանակն էր անցած, որի պարտականն էր մեռած կամ սնանկացած․ միայն մեկը գտնվեց հուսալի, որի մեջ երկու հարյուր մանեթի գումար կար։ Այդ թուղթը տվի իրան. տարավ և բերավ բոլորն Էլ տվավ ինձ, որ հարսանիքի պատրաստում տեսնեմ։ Շաբաթ չքաշեց, ամեն ինչ պատրաստեցի, մնաց որ պսակի հրամանն ստանամ։ Այդ ժամանակ կոնսիստորիայի նախանդամը Սուքիաս վարդապետն էր։ Երբ քահանայիս թուղթ տարա, Սուքիասն ինձանից 10 մանեթ ուզեց հրաման տալու համար։


- Ես միայն երեք մանեթ կտամ, - ասացի, - այդքան փող չունեմ։


- Եթե չունես, - ասաց, - ինչո՞ւ ես ամուսնանում։


- Ուրեմն՝ որովհետև չունեմ և այսուամենայնիվ ամուսնանում եմ, դրա համար պետք է ձեզ տուգա՞ նք վճարեմ, և այնուհետև կարող կլինեմ պահելու ամուսինս առանց փողի՞ էլ։ Դուք չգիտեք, հայր սուրբ, թե ո՞ւմ հետ եք խոսում. ես չեմ եկել ձեզ խորհուրդ հարցնելու, թե ամուսնանամ արդյոք^ թե ոչ, դուք ի՞նչ իրավունք ունիք ինձ ասելու, թե ինչո՞ւ եք ամուսնանում, ո՞վ է տվել ձեզ իմ ցանկության վրա իշխանություն։


- Դուք շատ հանդուգն եք երևում, պարոն, - ասաց Սուքիասը, եզակի խոսելը փոխելով հոգնակիի։


Ես ձայն չհանեցի և դուրս եկա բարկացած։


Ետևիցս վազեց բարեկարգիչ Հ. ք. Արարատյանը, որ ինձ լավ էր ճանաչում մանկությունիցս սկսած, կանգնեցրեց ինձ ու ասաց. - դու միամիտ գնա բանդ տես, ես հրամանը կուղարկեմ քո ծխական քահանային, և ես ինքս էլ կգամ, թեև ինձ չես հրավիրել։ Դու բեր երեք մանեթ տուր, ավելի տալ հարկավոր չէ։


- Տեր հայր, - ասացի, - ես ավելի էլ կտայի, բայց ավելին այդպես անքաղաքավարությամբ չեն առնիլ, վիրավարելով չեն պահանջիլ, այլ հայրական սիրով հորդորելով։ Դա որ ինձ հետ այդպես է վարվում, ինչպե՞ս կվարվի խեղճ հայերի հետ։


421