Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/486

Այս էջը սրբագրված է


իմ մտադրությունը և խնդրեցիք որ ինձ համար տեղ պահե մինչև ինձանից բացասություն չստանա, թեկուզ ուշ լինի այդ բացասությունը։ Ռուբենը բավական ծիծաղել էր իմ այս պայմանի վրա և ասել էր․ «Ինչ անենք, մեր Ղազարն է․ պետք է սպասենք, տեսնենք երբ է բարեհաճում գալ»։ Այսպիսի արտոնություն միայն ինձ կարող էր տալ խստապահանջ տեսուչ Բեգնազարյանցը, գիտենալով, որ ես թեկուզ տարվա կիսին գնամ, էլի մի տարվա գործ կշինեմ։ Բայց ես գնացի դպրոցական տարվա սկզբին և վերջումն էլ բոլորովին գոհ մնացի վիճակիցս, այլևս միտք չունեինք հեռանալ երևանից, բայց մի անակնկալ հրավեր անհրաժեշտ դարձրեց իմ հեռանալը։ Արիստակես վարդապետ Սեդրակյանը, որ կառավարիչ էր Ղարաբաղի թեմի, անձամբ խոսեց ինձ ու Բեգնազարյանցի հետ, շատ բաներ հաղորդեց և ցույց տվեց իմ Ղարաբաղ գնալու կարևորությունը։ Ես ու Բեգնագարյանցը այս մասին երկար մտածելուց հետո, տեսանք, որ հայր սուրբի մտադրությունը կատարյալ անհրաժեշտ է ընդհանուր գործի համար։ Մեզ պետք են ամեն նահատակություն հանձն առնող դպրոցական առաքյալներ։ Ալեքսանդրապոլում մեր ձգած հիմքը շարունակում էր հաստատուն մնալ շնորհիվ Հայրապետ Ղուկասյանցի տոկուն աշխատության, Երևանն էլ արդեն կապվեց նրա հետ մի ուղղությամբ, պետք էր Ղարաբաղն էլ միացնել նրանց հետ, որ ամեն տեղ մի ուղղություն, մի հոգի լինի, մի նպատակի դիմվի ու միևնույն ծրագիրն ունենա, որ մշակել էինք արդեն Ալեքսանդրապոլումը։ Ահա այս նպատակով ես թողեցի Երևանը և գնացի Շուշի։


X


Մի զարմանալի դեպք էր իմ Շուշի գնալս։ Էջմիածնի տպարանը բարեկարգեցինք ես ու իմ Միքայելը, Ղարաբաղի դպրոցական գործի բարեկարգությունն ևս մեր օգնությամբը կատարվեց։ Միքայելը քահանա լինելով ամբողջ վիճակի ըդհանուր գործակալն էր, Սեդրակյանի մտերիմը և նրա աջ ձեռքը։ Շուտով Հովհաննես Տեր Գրիգորյանցն էլ


486