Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/498

Այս էջը հաստատված է

Ինձանից ծածուկ էր սովորեցնում երեխաներին և պատվիրում էր, որ ինձ չասեն մինչև լավ չպատրաստվին։ Երբ որ լավ պատրաստված էին լինում, հավաքվում էին դահլիճում դաշնամուրի մոտ, հրավիրում էին ինձ, բայց չէին կարողանում համբերել մինչև սկսելը, իրար գլխով էին անցնում, ծափահարում և հասկացնել ուզում, որ մի անակնկալ ընծա պիտի անեն ինձ։ Սկսվում էր մի ներկայացումն, դուրս էր գալիս մի հրաշալի պատկեր, և ես չէի հավատում, որ այդ պատկերն իմ նկարածն է, այնքա՜ն գեղեցկացրած էր լինում տիկինը և կենդանացրած։ Այսօրվանից հետո ահա ես գլխովին նվիրվեցի մանկական գրականության, որոնք տպագրվեցին «Աղբյուր»-ում մի քանի տարի շարունակ։ Այդ ժամանակ կազմեցի ես իմ «Ուսումն մայրենի լեզվի» երկրորդ և երրորդ դասագրքերը։

Մանկական պարտիզում մնացի ես մի դպրոցական տարի և դուրս բերի մի անջնջելի խորին երախտագիտական զգացմունք առ համեստափայլ տիկին Սոֆիա Բաբայանց։

Ես դեռ մանկական պարտիզումն էի, որ Սեդրակյան սրբազանը եկավ Թիֆլիս իբրև թեմի առաջնորդ։ Հենց նույն ամառն էլ նա ինձ հրավիրեց հանձն առնել թեմական տեսչի պաշտոն, թեև նույն ամառվա ռոճիկը պիտի իմ նախորդն ստանար, իսկ ես ոչինչ։ Այս պաշտոնը ես չէի կարող մերժել հեզամոլությամբ, որովհետև առաջարկողը գիտեր, թե ում է առաջարկում։ Նա ինձ փորձել էր գործի և պաշտոնի մեջ. շատ լավ էր ճանաչում. կարիք չկար, որ մի ուրիշն առաջարկեր, կամ ես խնդրեի։ Սրանով նա ուզեց Ղարաբաղում իմ կրած տանջանքի փոխարենը վարձատրել և նույնիսկ արդյունք տեսնել։

Իբրև թեմական տեսուչ՝ ես մի իշխանավոր չէի վարժապետների համար, այլ իբրև ուսուցիչ և ընկեր ուսուցչի։ Ամեն տեղ՝ ուր որ գնում էի, ուսուցիչ և ուսանող միակերպ ուրախանում էին։ Շատ տեղ իրանք վարժապետներն ու վարժուհիներն էին խնդրում, որ մի քանի օր մնամ, փորձնական դասեր