Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/58

Այս էջը սրբագրված է

կուսն էլ վարժողությամբ, երկուսն էլ սովորությամբ է ձեռք բերվում։


Միայն այս զանազանությունը կա, որ մոլությանը մեջ մարդուս հոգին հանապազ անհանգստության և երկյուղի մեջ է, որ օրեցօր մթնում և խավարում է, մինչև վերջապես ընդունակ է առնում նրան քստմնելի չարագործությունք կատարելու. իսկ առաքինությունը օրեցօր լուսավորելով նորա միտքը, օրեցօր զվարթացնելով նորա հոգին, հասցնում է մինչև անձնազոհության, առաքինության համար։ Եթե մենք լսում ենք, որ այսինչ ավազակը այսինչպես հնարագետ է, ճարպիկ է, կարծրասիրտ է և այլն, պիտի չկարծեք ամենևին, որ այդ հատկությունքը ի բնե նա ուներ, կամ ձեռք բերավ երկու երեք գործողությանց մեջ. այլ թե փոքրուց սկսել է և վարժվելով֊վարժվելով կատարելագործվել է եղեռնագործությանց մեջ։ Սույն պես եթե տեսնում ենք մի մեծագործություն և գովանի առաքինություն, պիտի համոզվինք, որ դա և շատ ժամանակվան վարժվելու արդյունք է։ Ուստի և կարծել, որ միակ ասելով, թե այսինչ բանը չար է, այնինչ բանը բարի, այդպիսով կարելի է մարդուն առնել առաքինի, դա շատ սխալ կարծիք է, վասն զի առաքինությունը, ինչպես նաև գիտությունը և ուժը, վարժվելով է ձեռք բերվում։ Ահա այս հանգամանքը աչքի առաջ ունենալով, պետք է վարժել երեխայքը և առաքինության մեջ։ Իմանալու համար, թե ինչ՞պես պետք է զարգացնել երեխայի բարոյականությունը, ինչ՞պես պետք էր ուղղել նրա վարք ու բարքը, պետք է լավ ուսումնասիրել, թե ինչ հանգամանքներ կան նրա շրջապատումը, ո՞րը կարող էր գործ գնել հօգուտ նրա առաքինության և ո՞րը հարկավոր էր վերացնել։


Մենք ամենքս էլ երեխա ենք եղել, հազար ու մին տպավորությանը ենթարկվել ենք։ Եթե մեր միտքը բերենք մեր ոգեկան աշխարհի ստույգ պատմությունը, կտեսնենք, որ մեր բոլոր լավ կամ վատ արարմունքը ունեցել են իրանց հայտնի պատճառները, որոնք շատ անգամ եղել են այնքան ցած, այնքան քստմնելի, որ մենք ամոթ ենք համարում ոչ միայն տպագրությամբ հրապարակ հանել, այլև մեր ամենամոտիկ խորհրդակցին անգամ ասել։ Ո՞ւր է Ժամանակը…