Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/617

Այս էջը հաստատված է

վերադարձին՝ Թիֆլիսում 1892 թ. մարտի 31-ին։ Տես այդ նամակները այս հատորում, էջ 526 — 529 և դրանց վերաբերող ծանոթագրությունները:


ԻՆՉ ՈՐ ԿԱՐԵԼԻ է ԹԱՔՑՆԵԼ ՄԱՐԴՈՒՑ, ԿԱՐԵԼԻ Չէ ԹԱՔՑՆԵԼ ԹՂԹԻՑ...

(316-321)

Տպագրվել է հեղինակի մահից հինգ տարի հետո՝ «Հորիզոն» թերթի՝ 1916 թ. հունիսի 19 № 135, «Ղ. Աղայանի կյանքից» վերնագրով և հետևյալ խմբագրական ծանոթությամբ։

«Սույն աշխատությունը, որ գտնված է Ղ. Աղայանի ձեռագրերի մեջ, տպագրում ենք իբրև մեր ականավոր հեղինակի բնութագրության համար հետաքրքրական նյութ»։

Եվ իրոք, Աղայանի հետ իրականում պատահած միջադեպի այս նկարագրությունը նրա բարոյական կերպարի մի ցայտուն ինքնաբնութագրություն է։

Ինքնակենսագրական այս դրվագն էլ այն անտիպ նյութերից է, որ հեղինակն, իր մահից ոչ շատ աոաջ, հանձնած է եղել իր սրտակից ընկերոջը— Հովհ. Թումանյանին։ (տես հ. IV, էջ 359)։ Եվ Թումանյանն է այն հանձնել «Հորիզոն»-ի խմբագրությանը, տպագրելու համար։

Էջ 319. «Մի տեսակ հայ Տոլստոյ»— իրոք, բոլոր ժամանակակիցներն իրենց հուշերում Աղայանին այդպես են պատկերացնում ու բնութագրում՝ «բարոյական տեսակետից» անբիծ ու անարատ։ Այդ առումով նա ինքն էլ իրեն հարազատ էր զգում ռուս մեծ վիպագիր Լ. Ն. Տոլստոյին, որին նա բարձր էր գնահատում իբրև հանճարեղ գրողի, բայց քննադատում ու մերժում էր նրա «չարին չդիմադրելու» պասսիվության հետադեմ քարոզը: (տես այս հրատարակության 3-րդ հատորը, էջ 64—69՝ «Մի կալ հակառակ չարին» հոդվածը, և էջ 69—70՝ «Ինքնօգնություն» հոդվածները և դրանց վերաբերող ծանոթագրությունները)։ Դոն-Ժուան — այս անունով է հայտնի համաշխարհային գրականության հարատև կերպարներից մեկը, որը կյանքի նպատակը և իմաստը տեսնում է միմիայն կնոջ նկատմամբ ունեցած մոլեգին սիրո մեջ: Աղայանն ասում է, որ իր բարոյական կերպարը լիովին հակադիր է դոն-ժուանական բնավորությանը։

Էջ 319. «Իմ... գրվածքները ձեր մանկական ամսագրերում էլ կան տպված…» — նկատի ունի «Աղբյուր» ամսագիրը (1883—1919), որին գործուն աշխատակցում էր Աղայանը նրա հիմնադրման օրվանից սկսած։

Էջ 321. «Աբովյանի «Էշն ու բյուլբյուլը» առակը՝ — տես նրա «Երկերի լիակատար ժողովածու»֊ի II հատորը, էջ 239— 243։ — Դանտես Ժորժ Շարլ (1812 — 1895) մենամարտի ժամանակ Ա. Ս. Պուշկինին (1799—1837) սպանող ֆրանսիացի միապետական փախստականը, որը վայելում էր Նիկոլայ 1-ինի հովանավորությունը։

617