Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/84

Այս էջը հաստատված է

օգնության կանչելովը հանդերձ, առավել սաստկացնում է աշակերտական հանցանքները։ Բացի այս հանգամանքներից մի առ մի թվել էի աշակերտական հանցանք համարված թերությունքը, վարժապետաց ոմանց անընդունակությունը և նոցա դասավանդությանց ձևի հնությունը, հոգաբարձուաց անհոգությունը, հասարակության անտարբերությունը, ընտանյաց հակակրթությունը և այլն և այլն, և ի վերջո եկել այն եզրակացության, թե քանի որ ուսումնարանի մեջ այսքան թերություններ կան, դոցա չվերցրած մենք երեխայոցը պատժելու իրավունք չունինք (բայց ոչ թե ընդհանուր առմամբ պատիժ ասած բանը տեղի չի կարող ունենալ կրթութան մեջ), եթե դրանց պետք է պատժել, ապա այդ գործը պետք է սկսել հոգաբարձուներից, առաջ պետք է պատժել հոգաբարձուներին, որ լավ վարժապետներ ունենալու հոգս չեն քաշում, հետո այն վարժապետներին, որոնք լավ կարգ պահելու, երեխայոց վերա բարոյապես ազդելու ընդունակություն չեն ցույց տալիս. և եթե այսպես անենք, որ շատ արդարացի կլինի, էլ աշակերտներին պատժից բաժին չի ընկնիլ։ Եթե երբեմն մի փափուկ ապտակը հրաշք է գործում (ասել եմ ես) և ես հավատում եմ, ապա այդ հրաշագործ ապտակը նա ստանալու է յուր գործին քաջահմուտ և բարեխիղճ դաստիարակից, որ գիտե ո՛ր դեպքում ի՛նչն է հարմար. եթե ոչ հրաշքի տեղ պատուհաս կտեսնես։ Սրանից հետո գրում եմ և մի քանի պարտավորությունք թե վարժապետաց և թե աշակերտաց համար։ Այս հոդվածը (առանց աշակերտական պարտավորությանց, որ դասատանց պատերի վերա կախեցինք) տպվեցավ «Դպրոց» ամսագրի երկրորդ համարում։ Այժմ խորհուրդ ենք տալիս մեր վարժապետներին կարդալու և համեմատելու դորան յուր քննության հետ, որ տպված է ներկա թվականի «Հայկական Աշխարհ»֊ի 5-րդ համարի մեջ։

«Հայկական Աշխարհ»-ի հոդվածագիրը առանձին իմն անձնապաստանությամբ արհամարհական ակնարկ է ձգում մեր հիշյալ հոդվածի վերա, մեզ մանկավարժական գրքեր չկարդացած համարելով, ըստ որում նորա կարծիքով,