դառը քամի, սառը անձրև,
արար աշխարհ պաղել, փոխուել,
կողքիցըս էլ կինս է փախել...
էլ ի՞նչ ասեմ, ողջը մի մի,
էն ի՞նչ լեզու կարայ պատմի
կամ ինչ բերան,
չըտեսնըւա՜ծ, հըրաշք մի բան...
Հիմի էսպէս՝ սոված, մենակ,
մընացել եմ պատերի տակ,
տեղ չի ունեմ, կեր չի ճարւում։
Ես էլ եմ հօ շատ մըճըրւում,
բայց ի՞նչ անեմ, ու՞ր գընամ էլ,
երեսս էլի ձեզ եմ արել։
Աստծու սիրուն, մի խնայէք,
էս մի ձըմեռ շահէք, պահէք,
մինչև նորից գարուն բացուի,
աշխարհքն էլ ետ բարով լըցուի։»
— Դէ լավ, դու կաց, ներս գընամ ես,
տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ։»
Ասաւ պահնորդն ու մէջէմէջ
կոկ սենեակներն անցաւ անվերջ,
մինչև հասաւ ներսի տունը,
ուր ապրում էր մեծ Մըրջիւնը
առատ կեանքով,
իր համայնքով։
Գընաց իրենց լեզուով յայտնեց։
Մըրջիւնը լուռ լըսեց, մըթնեց,
ու ետ դարձաւ
էսպէս ասաւ։
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
ողջ ամառը արևակէզ՝
էնքան ջանքով
ու տանջանքով
տուն տեղ դըրել, ճամբա հարթել,
ամբար շինել, պաշար կիտել,
որ ամառը ծոյլ պըտըտի,
ձմեռը գայ նըստի ուտի՞...