Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/110

Այս էջը սրբագրված է

4. ՀԱՆԱՔՉԻ

Ամանորի բռնկումն էր։

Ցեխի ու ձեան քաօսում խլրտում էին շողուն խաղալիքներով ու քաղցրեղէններով բեռնուած հազարաւոր կառքեր։ Ագահութեամբ ու յուսահատութեամբ լեցուն վիթխարի քաղաքի պաշտօնական ցնորումն էր դա, որ ամենատոկուն մենակեցի միտքն իսկ կարող է պղտորել։

Այդ աղմկալի իրարանցման ժխորում մի էշ էր վազում, որին ապաշնորհի մէկը քշում էր խարազանը ձեռին։

Երբ էշը պիտի շրջէր մայթի անկիւնը, ձեոնոցաւոր, օսլայած վզնոցով, սիրունատես մի պարոն հանդիսաւոր կերպով գլուխ տուեց խղճուկ անասունին և գլխարկը վար առնելով ասաց․ «Ցանկամ ձեզ երջանկութիւն և բարօրութիւն»։

Ապա գոհունակ դէմքով դարձաւ դէպի իր ընկերները, կարծես հրաւիրելով, որ խրախուսեն իր արարքը։

Էշն ուշք չը դարձրեց այդ սիրուն հանաքչու վրայ և եռանդով վազում էր այն կողմն, ուր պարտքն էր կոչում իրան։

Իսկ ես յանկարծ անզսպելի մի զայրոյթ զգացի դէպի այն շքեղ յիմարը, որը կարծես կետնրոնացրել էր իր մէջ Ֆրանսիայի բովանդակ սրամտութիւնը։

5․

ԿՐԿՆԱԿԻ ՍԵՆԵԱԿ

Մի սենեակ, որ երազի է նման, մի իրօք հոգեւոր սենեակ, որի անշարժ մթնոլորտը վարդի ու երկնի գոյների խառնուրդով է ներկուած։

Հոգիդ հեղգութեամբ սուզւում է ցաւի ու ցանկութեան բոյրով լի այդ լողարանը։ Մթնշաղային մի բան, կապտաւուն ու վարդաւուն՝ ցանկասէր մի անուրջ է դա խաւարումի ժամին։

Կարասին ճապա՜ղ,ջլա՜տ, նուաղու՜ն։

Կարծես երազում է կարասին։ Կարծես բոյսերի ու հանքերի նման քնաշրջիկ մի կեանք է վարում կարասին։ Պաստառներն են խօսում համր մի լեզուով՝ նման երկնին ու ծաղիկներին, մայրամուտ արևներին նման։