Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/114

Այս էջը սրբագրված է

Ամեն ինչ էքստազի մէջ է, բայց դա անհնչիւն մի էքստազ է։ Ջրերն իսկ կարծես նիրհում են։ Դա լռին մի օրգիա է, որ բնաւ նման չէ մարդկանց աղմկալի խնճոյքներին։

Թւում է թէ լոյսը քանի գնում, աւելի ու աւելի առատ է սկսում թափուել և քանի գնում, աւելի պայծառ են ցոլում իրերը, որ արբած ծաղիկները ցոլում են ու իրանց բազմափայլ երանգներով լազուրի փայլի հետ մրցել են ուզում և կարծես ջերմութիւնից տեսանելի են դարձել նրանց բոյրերը, որ ծուխերի նման դէպի աստղերն են բարձրանում։

Բայց ընդհանուր այս բերկրանքի մէջ ես ցաւագար մի էակ նշմարեցի։ Հսկայական Վեներայի տակ կանգնած էր մէկն ապուշ ձևացողներից, մէկը նրանցից, որոնք յանձնառու են լինում զուարճացնելու թագաւորներին, երբ սրանց ճնշում է Զղջում կամ Թախիծ։

Փայլուն ու ծաղրաշարժ հագուստով, գլուխը եղջիւրներով ու բոժոժներով զարդարած, նա կուչ էր եկել արձանի պատուանդանի առաջ արտասուալից աչքերն անմահ Դիցուհուն յառած։

Եւ այդ աչքերն ասում են․—ես մարդկանց մէջ ամենայետինն եմ և ամենից մենաւորը, զրկուած սիրուց ու բարեկամութիւնից և աւելի թշուառ, քան ամենաողորմելի անասունը․ բայց ես էլ ստեղծուած եմ անմահ Գեղեցիկն զգալու և ըմբռնելու։ Ա՜հ, Դիցուհի, գթա վշտիս․ ցաւագին ցնորքիս։

Սակայն անողոք Վեներան իր մարմար հայեացքը ուղղել էր չը գիտեմ դէպի ուր։

8.

ՇՈՒՆՆ ՈՒ ՍՐՈՒԱԿԸ

Իմ սիրուն շուն, բարի շունս, իմ սիրելի շնիկ, մօ՛տ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատուական պարֆիւմերից եմ գնել։

Եւ շունը պոչը թափ տալով, որ ըստ իս այդ թշուառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մօտեցաւ ու իր խոնաւ դունչը հետաքրքրութեամբ հպեց սրուակի բերնին, ապա յանկարծ ահով յետ֊յետ քաշուեց ու սկսեց վրաս հաջել, ասես թէ կշտամբելիս լինէր ինձ։

Ա՜հ, թշուառական շուն, եթէ ես ձեզ մի կոյտ աղբ առաջարկէի, դուք հաճոյքով պիտի հոտոտէիք այն, անգամ գուցէ խժռէիք այն։