Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/117

Այս էջը սրբագրված է

ցոյց տան․․․ Ես արագ ցած հրեցի նրան սանդուխից, և նա մրթմրթալով ու քնթարելով իջաւ ներքև։

Ես պատշգամն ելայ, վերցրի փոքրիկ կալւէ ծաղկամանը և երբ ապակեգործն երևաց դրան մօտ, ուղիղ ցած նետեցի կաւէ ռումբս, որ նրա շալկոցի ծայրին դիպաւ։ Հարուածս վայր գլորեց նրան ու իր թիկունքի տակ փշուր-փշուր արեց նրա ամբողջ աղքատիկ կարողութիւնը, որ ցանուցիր եղաւ խլացուցիչ աղմուկով՝ նման բիւրեղեայ ապարանքի, որ փշրւում է կայծակի հարուածից։

—Կեանքը գեղեցիկ, գեղեցիկ թող երևայ կեանքը։

Բայց այդ նեարդային կատակներն անվտանգ չեն և յաճախ աժան չեն նստում։ Սակայն փոյթ չէ յաւերժական անէծքը նրանց համար, ով մի ակնթարթում գտնում է վայելքի համայն անեզրութիւնը։

10.

ԳԻՇԵՐՈՒԱՅ ՄԷԿ ԺԱՄԻՆ

Վերջապէս մենակ եմ։ Չի լսւում ոչինչ, բացի փողոցով մերթ ընդ մերթ անցնող ուշացած ու յոգնած կառքերի դղրդիւնը։

Վերջապէս կարող եմ ես այժմ մի քանի ժամ եթէ ոչ հանգըստութիւն, գէթ խաղաղութիւն վայելել։

Չքացաւ վերջապէս մարդկային դէմքի բռնութիւնը և եթէ պիտի տանջուեմ, ինքս ինձ կը տանջուեմ։

Վերջապէս կարող եմ ես խաւարի աւազանն ընկղմուել։ Բայց նախ բանալիի երկու պտոյտ փականքում։

Ինձ թւում է, որ բանալիի այդ երկու պտոյտը մենութիւնս կաւելացնեն և կամրապնդեն ինձ աշխարհից բաժանող պատնէշները։

Սոսկալի՜ կեանք, սոսկալի՜ քաղաք։

Մտաբերենք մեր անցկացրած օրը։

Տեսնուեցի մի շարք գրականների հետ, որոնցից մէկն ինձ հարց տուեց, թէ կարելի՞ է արդեօք ցամաքով Ռուսիա գնալ (երևի նա կարծում է, որ Ռուսիան կղզի է)։ Ապա ես համարձակ վիճում էի մի խմբագրի հետ, որն ամեն մի առարկութեանս պատասխանում էր, որ իրանց խմբակցութիւնը ազնիւ մարդկանց խմբակցութիւն է, երևի ակնարկելով, որ միւս թերթերի խմբագիրները խաբեբաներ ենւ։ Բարևեցի ես մի քսան մարդու, որոնցից տասնևհինգն ինձ անծանոթ էին։ Սեղմեցի նոյնքան ձեռք, առանց նախօրօք զգուշութեան համար ձեռնոց անցնելու։ Երբ անձրև էր, ժամանակ