Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/118

Այս էջը սրբագրված է

վատնելու համար գնացի մի կաքաւչուհու մօտ, որը խնդրեց ինձ, որ իր համար նկարեմ «Վենիւստրայի» զգեստը։ Ապա մի թատրոնի դիրեկտորի յետքից էի ընկել, և նա ինձ ճանապարհ դրեց հետևեալ խօսքերով. «Ինձ մնայ՝ լաւ կանէք, որ դիմէք Z-ին, դա իմ հեղինակներից ամենաձանձրալին, ամենայիմարն ու ամենահռչակաւորն է, գուցէ նրա հետ մի բան գլուխ բերէք. տեսնուեցէք նրա հետ, ապա եկէք՝ կը նայենք»։ Ես պարծենում էի (ինչու՞) շատ տգեղ արարքներով, որ բնաւ չէի կատարել և վատօրէն ժխտում մի քանի փոքրիկ կեղտոտութիւններ, որ կատարել էի ուրախութեամբ անձնագովութեան տենչից, կամ ակնածելով մարդկանց դատաստանից։ Բարեկամներիցս մէկին մերժեցի մի չնչին ծառայութիւն, մինչդեռ երաշխաւոր եղայ մի կատարեալ խաբեբայի համար։ Ո՜ւֆ։

Ս՝ի՞թէ սա է բոլորը։

Դժդոհ ամենքից և ինքս ինձնից՝ ինչպէս կուզէի ես մի փոքր մաքրուել, հոգով վերանալ գիշերի այս մենաւոր խաղաղութեան ու լռութեան մէջ։ Դուք, իմ սիրած մարդկանց հոգիներ, ում ես երգել եմ, օգնեցէ՛ք ինձ, վանեցէք ինձնից ստութիւնը, ապականիչ գոլորշիները։

Եւ դու, Տէր Աստուած, ողորմիր ինձ, թոյլ տուր, որ գրեմ մի քանի գեղեցիկ ոտանաւորներ, որոնցից երևայ, որ ես աշխարհիս ամենայետին մարդը չեմ, որ ես աւելի ստոր չեմ քան նրանք, որոնց արհամարհում եմ ես։

11.

ԱՄԲՈԽԸ

Ամեն մարդ ընդունակ չէ ամբոխի աւազանում լողալու։ Ամբոխից վայելք շահելն էլ մի արուեստ է։ Եւ մարդկային ցեղն իր համար վայելքի աղբիւր կարող է դարձնել միայն նա, ում դեռ օրորոցում ինչ որ ֆէա ներշնչել է ճաշակ դէպի կերպարանափոխութիւնն ու դիմակը, զզուանք՝ դէպի տնակեցութիւնն ու սէր դէպի՝ ճանապարհորդութիւնը։

Ամբոխ, մենութիւն՝ սոքա հոմանիշ և մէկը միւսին փոխարկող բառեր են գործունեայ և բեղմնաւոր պօէտի համար։ Ով չի կարող մարդաշատ դարձնել իր առանձնութիւնը, չի կարող և մենակ լինել ունայնահոգ ամբոխի մէջ։

Պօէտն այն անհամեմատ մենարտօնութիւնն ունի, որ ըստ իր ցանկութեան կարող է լինել ինքն ինքը և մի այլ ոք։ Նման մոլոր