Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/135

Այս էջը սրբագրված է

պայմանով, որ «ազգ» ու «համազգային» բառերը նա հասկանում է պետական և ոչ կուլտուրական իմաստով։

Կուլտուրական տեսակէտից հայութիւնն ասպարէզ է եկել, որպէս ինքնատիպ մի ազգ, իր պատմութեան ամենանախնագոյն շրջանում, երբ նա ստեղծել է իր համար ընդհանուր մի լեզու և հիմք դրել հաւաքական ինքնատիպ ստեղծագործութեան:

Այնուհետև հայ ազգը դարեր շարունակ քրտնաթոր ջանքերով ընդհանուր կուլտուրա է մշակել և այդ կուլտուրային տուել ազգային անհատական դրոշմ:

Երբ Փաւստոս, Եղիշէ և Խորենացի գրում էին իրանց պատմական երկերը, նրանք շատ լաւ գիտակցում էին, որ հայերը ծագումով, անցեալով, լեզուով ու կուլտուրայով կազմում են ուրոյն մի ամբողջութիւն և մի ազգ: Խորենացու նշանաւոր խօսքերը՝ «զի թէպէտ և եմք ածու փոքր և թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ և զորութեամբ տկար և ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ, սակայն բազում գործք արութեան գտանին գտեալ և ի մերում աշխարհին»՝ վերաբերւում են անշուշտ համայն հայ ազգութեան, և ոչ թէ այս կամ այն ազնուական տոհմին։

Հայ ազգային գիտակցութեան հիմքը դրուել է հայոց անցեալի դեռ այն նախնական շրջանում, երբ ստեղծագործուել է Հայկի առասպելը և դիւցազն Հայկը փառաւորուել, իբրև ազգային հերոս ու հայ ազգի նախահայր:

Գրերի գիւտը և ընդհանուր գրական լեզուի մշակումը կազմում են ազգային ինքնաճանաչութեան զարգացման համար մի նոր դարագլուխ։ Հայութիւնը այնուհետև հաղորդակից է դառնում շրջապատող ազգերի գրականութեան ու կրթութեան և քրիստոնեական ուղղութեամբ մշակում մտաւոր-կուլտուրական մի նոր կեանք, որի ստեղծագործման ընթացքում բնորոշ ու յատուկ արտայայտութիւն է գտնում հայ ազգային ուրոյն անհատականութիւնը։

Բերենք թիւրիմացութեան մի ուրիշ օրինակ, որը նոյնպէս հետևանք է «ազգ» և «ազգային» բառերի երկմիտ գործածութեան։ Ինչպէս յայտնի է, ազգութեան և ազգային գաղափարին հակադրում են աշխարհաքաղաքացիութեան և միջազգայնութեան գաղափարները։ Արդ՝ այս վերջին գաղափարներին յարողները պէտք է հաշիւ տան իրանց, թէ ի՞նչն են նրանք ժխտում՝ ազգութիւնը պետական իմաստով թէ կուլտուրական։

Թէ տրամաբանօրէն և թէ իրապէս միանգամայն հնարաւոր է ու հասկանալի ազգութեան ժխտումը պետական իմաստով։ Պետութիւը ձևական ու հարկադրական մի միութիւն է, որը կարելի է բացասել և կողմնակից լինել համաշխարհային դաշնակցական սերտ միութեան և աշխարհաքաղաքացիութեան այդ նեղ իմաստով։ Նոյնպէս և միջազգայնութիւնն իր դասակարգային կռուի հիմնական գաղափարով դէմ է ժամանակակից պետականութեան, որի տնտեսական ու իրաւական հիմքերը համապատասխան են տիրող դասակարգերի շահերին և խորթ ու անհարազատ՝ նիւթապէս կեղեքուող աշխատաւոր դասակարգերի համար։ Ճիշտ է, դասակարգային կռիւը տնտեսական հողի վրայ ժամանակի ընթացքում ստանալու է աւելի ու աւելի միջազգային բնոյթ, սակայն այդ կռիւն ուղղուած է ազգութեան դէմ