Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/136

Այս էջը սրբագրված է

պետական իմաստով։ ժամանակակից պետութիւնը մեծ մասամբ տիրապետող որևէ ազգային խմբակցութեան պետութիւն է։ Որպէս ազգապետութիւն՝ նա չէ ճանաչում հպատակ ազգութիւնների ազգային իրաւահաւասարութեան ու ինքնորոշման սկզբունքը, իսկ որպէս դասակարգապետութիւն՝ նա ջերմ պաշտպան է տիրող հասարակակարգի, որը հիմնուած է տնտեսական անհաւասարութեան ու դասակարգային շահագործման վրայ։ Այդպիսով ժամանակակից պետութիւնը մի խորթ հայրենիք է թէ հպատակ ազգութիւնների և թէ աշխատաւոր դասակարգի համար:

Ահա այս «ազգայնական» հայրենիքին դասակարգային պետականութեան մտքով՝ բանուորական շարժման ղեկավարները հակադրում են բոլոր երկրների յեղափոխական բանուորութեան համերաշխութիւն ու միջազգայնութիւնը. թէև ի դէպ է նկատել, այդ համերաշխութիւնը շատ թոյլ արտայայտուեց ներկայ պատերազմի ընթացքում։

Միջազգայնութիւնը վերոյիշեալ հասկացողութեամբ ունի իհարկէ իմաստ ու բովանդակութիւն, սակայն բոլորովին այլ խնդիր է, թէ կարելի է արդյոք միջազգայնութեան նոյն գաղափարը հակադրել ազգութեան, եթէ ազգ գաղափարն ընդունենք ոչ պետական, այլ կուլտուրական իմաստով։ Թիւրիմացութեան և խառնաշփոթումների արմատը հԷնց այս կէտումն է։

Պետութիւնը, ինչպէս ասացինք, ձևական ու հարկադրական մի միութիւն է, մինչդեռ կուլտուրական ընդհանրութիւնը ներքին ու սերտ՝ բնական մի կապ է, գրեթէ անկախ մարդկային կամքից: Կուլտուրայի ոգեկան բովանդակութիւնն ազգային ստեղծագործութեան արտադրութիւն է, և ազգութիւնը բնական ու անհրաժեշտ մի ձև է կուլտուրական աշխատանքի։ Տրամաբանական մի անհեթեթութիւն կը լինէր միջազգայնութիւնը հակադրել ազգութեան կուլտուրական իմաստով, որովհետև բնաւ գոյութիւն չունի միջազգային որոշ ոգեկան կուլտուրա, որով կարելի լինէր փոխարինել ազգայինը, այլ միջազգայնութիւնը կարող է լինել միայն յատուկ մի համերաշխութիւն քաղաքական և տնտեսական նպատակների համար։ Ազգային-կուլտուրական ինքնորոշման ու զարգացման գաղափարին կարելի է հակադրել ոչ թէ միջազգայնացման, այլ ձուլման ու կերպարանափոխման գաղափարն ազգային-կուլտուրական մի այլ ընդհանրութեան մէջ:

Բռնութեան ու ձուլման այս քաղաքականութիւնն ազգութեան ու ազգային կուլտուրայի հանդէպ անուանում է «ազգայնական» քաղաքականութիւն։ Մինչդեռ «ազգային» ուղղութիւնն ազգութիւնների և ազգային կուլտուրաների գոյութիւնն ու զարգացումն ընդունում է դրական ու անհրաժեշտ մի երևոյթ և ազգային ստեղծագործական աշխատանքը՝ հանրամարդկային կուլտուրական արժէք, «ազգայնականները» ջերմ կողմնակից են հպատակ ազգութիւնների բռնի բնաջնջման և ճանաչում են միայն իրանց ազգութեան ու կուլտուրայի բացառիկ կարևորութիւնը։

Այս տեսակէտից «ազգային» (нацiональный) ու «ազգայնական» (нацiоналистиескiй) ուղղութիւններն արմատապէս տարբեր նպատակների են ձգտում և միանգամայն հակադիր են իրար ու անհաշտելի։ Ազգութեան պաշտպանների կարծիքով ազգային կուլտուրայի և հաւաքական անհատականութեան ժխտումն ազգայնականների կողմից նշանակում է անհատականութեան, ստեղծագործութեան ու կուլտուրայի ժխտում ընդհանրապէս։