Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/137

Այս էջը սրբագրված է

«Ազգ», «ազգային» ու «ազգայնական» բառերի նշանակութիւնն անհրաժեշտ էր ճշգրիտ կերպով որոշել, որովհետև այդ բառերի խառն ու թիւր ընդհանրացումներին առիթ է ծառայում անտեղի վէճերի ու թիւր ընդհանրացումների։

Անցնենք այժմ ազգութեան էական յատկանիշների քննութեան։

«Ազգ» բառի տակ, ինչպէս ասացի, պէտք է հասկանալ ծագումով, անցեալով ու լեզուով իրարից տարբերուող կուլտուրական խմբակցութիւններ։ «Ազգ» բառի այս մեկնութիւնն արդէն պարունակում է իր մէջ «ազգ» գաղափար էական յատկանիշները։

Ամեն մի ազգ անշուշտ հաւաքական մի մարմին է, մարդկանց իւրատեսակ մի խմբակցութիւն: Բայց մարդկանց խմբակցութիւն են կազմում և ընտանիք, և կրօնական որևէ համայնք, և պետութիւն և ուրիշ նման մարդկանց համախմբումներ: Անհրաժեշտ է ուրեմն ցոյց տալ ազգային խմբակցութեանը յատուկ այն էական յատկանիշները, որոնցով նա աարբերւում է մերձաւոր հոմասեռ գաղափարներից։

Առաջինը և գլխաւորը այդ յատկանիշներից հետևեալն է։ Ամեն մի ազգութիւն ամենից առաջ որոշ "կուլտուրական" խմբակցութիւն է: Արդ՝ հարց է ծագում, թէ ինչ ենք հասկանում մենք «կուլտուրա» և «կուլտուրական» բառերի տակ: «Կուլտուրա» բառի սկզբնական նշանակութիւնն է «մշակում», «կերտում»։ Նոյն բառը, իբրև պատմագրական տերմին, գործ է ածւում աւելի ընդարձակ նշանակութեամբ։ Պատմագրութեան մէջ կուլտուրայի պատմութիւն ասելով հասկանում են ազգերի կենցաղն ու հասարակային կացութեան պատմութիւնը, հակադրելով այդ՝ անցքերի պատմութեան: Ւսկ ամեն մի ազգի կենցաղն ու հասարակային կացութիւնը, ամենալայն ու համապարփակ իմաստով հասկացուած, «կուլտուրա», այսինքն «մշակոյթ» են անուանում, համարելով այն ընդհանուր աշխատանքի ու ստեղծագործութեան ուրոյն մի արդիւնք։ Լինելով հաւաքական գործունէութեան արտադրութիւն, մարդկային կուլտուրայի ոգեկան կողմը չունի բնաւ միապաղաղ ու միագոյն բնոյթ, այլ ինչպէս մի ծաղկեփունջ, բազմատարր է ու կազմուած զանազան ազգերի կուլտուրական-ոգեկան արտադրութիւնների գումարումից։ Որքան էլ այդ արտադրութիւնները նման հանրամարդկային գծեր ունենան, այնուամենայնիւ նրանք կրում են իրանց վրայ ամեն մի ազգի անհատականութեան կնիքը և նրա հոգեբանական առանձնայատկութիւնների որոշ գունաւորումն ու արտհայտման ձևը։ Պատմական ակներև մի փաստ է, որ մարդկային կուլտուրան գոյութիւն ունի և զարգանում է շնորհիւ բազմաթիւ՝ հոգեբանօրէն իրարից տարբերուող ազգային խմբակցութիւնների համագործակցութեան, և որ նրա արմատները կազմուած են ազգայնօրէն սնուցած ու զօրացած բազմաթիւ ու բազմադիմի ճիւղքերից։

Ամեն մի ազգի լեզուն, բարքերն ու սովորոյթները, գրականութիւնն ու գեղարուեստը, կրօնական ու բարոյական հասկացողութիւնները և գիտական տեսութիւնները ոգեկան ներդաշնակ մի աշխարհ են, պայմանաւորուած ազգային անհատականութեան առանձնայատկութիւններով:

Ահա այս մտքով է, որ մենք ազգային կուլտուրաների գոյութիւնը համարում ենք ակներև մի փաստ։ Ազգութիւնն այս կուլտուրական տեսակէտից