Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/138

Այս էջը սրբագրված է

դրական մի ոյժ է, և պէտք է իրաւունք ունենայ պահպանելու իր անկախ գոյութիւնը և զարգացնելու ազգային ինքնուրոյն իր ունակութիւնները և ազգային իր կուլտուրան։ Այդ կուլտուրան է ազգային գոյութեան հիմքն ու բովանդակութիւնը։

Ամեն մի ազգ համարելով մարդկանց մի խմբակցութիւն, իբրև յատկանիշ այդ խմբակցութեան պէտք է ընդունել ուրեմն այն ոգեկան-կուլտուրական սերտ կապը և այն կուլտուրական ընդհանուր շահը, որոնցով պայմանաւորուած է այդ համախմբումը։ Իսկ այդ կապը, որ բնական կերպով է առաջացել, և այդ շահը, որ շատ յաճախ նիւթական չէ, այլ ոգեկան, տալիս են ազգութեանը որոշ չափով օրգանական միութեան բնոյթ։ Ազգային խմբակցութիւնն անհատների թուաբանական գումարում չէ, այլ կուլտուրապէս և օրգանապէս սերտ կապուած մի ամբողջութիւն, որին գիտակցաբար կամ բնազդօրէն յարում են ազգութեան անդամները։

Ազգային կուլտուրական խմբակցութիւնն ունի նաև մի այլ կարևոր առանձնայատկութիւն։ ՒնչպԷս յայտնի է, մարդիկ յաճախ միանում են գիտակցաբար որոշ նպատակով և կազմում զանազան համախմբումներ, ակումբներ և նման հաստատութիւններ։ Այդ համախմբումները մարդկանց յօժար կամքի ու ցանկութեան արտադրութիւններ են։ Ազգային խմբակցութիւնը միանգամայն այլ բնոյթ ունի։ Նա մարդկանց մտքի ու ազատ կամքի ծնունդ չէ, այլ դարերի ընթացքում առաջ եկած բնաստեղծ ու ինքնագոյ մի երևոյթ, ինչպէս ընտանիքը, զանազան ցեղերն ու ռասաները։ Լինելով բնական ու պատմական կենդանի մի ոյժ, ազգութիւնը խիստ կենսունակ է, ինչպէս և ինքը բնութիւնը։

Ազգութեան միայարումն ու համերաշխութիւնը հոգեբանական մի բարդ երևոյթ է, և իբրև հոգեբանական երևոյթ շատ քիչ Է ուսումնասիրուած ու պարզաբանուած։ Այդ տեսակէտից մենք միանգամայն թերի ու անբաւարար ենք համարում «ազգ» գաղափարի այն նորագոյն սահմանումները, որոնք այս կամ այն ձևով, իբրև էական յատկանիշ այդ գաղափարի, համարում են ազգութեան անդամների գիտակցութեան միութիւնը։

Այդ սահմանումները սխալ են ու անկատար նախ այն պատճառով, որ որոշ համագիտակցութիւն յատուկ է ամեն տեսակ խմբակցութիւնների։ Ընտանիքի մէջ տիրում է ընտանեկան համագիտակցութիւնը, ցեղի մէջ՝ ցեղականը, պետութեան մէջ՝ պետականը և այլն։ Ուրեմն համագիտակցութիւնն ազգութեան գաղափարի համար գոյացողական յատկանիշ չէ, այլ սոսկ մի պարագայ, որ բնաւ չէ պարզում «ազգ» գաղափարի էութիւն ու բովանդակութիւնը։ Բացի այդ՝ յիշեալ սահմանումները, որ զուտ հոգեբանական են, ճիշտ չեն նոյնիսկ հոգեբանական տեսակէտից։

Համագիտակցութիւնն ազգային միութեան հիմք ու յատկանիշ համարողները չեն բացատրում մեզ, թէ ինչպէս են իրանք հասկանում այդ համագիտակցութիւնը, իբրև հոգեբանական երևոյթ։ Մինչդեռ այդ բացատրութիւնը չափազանց կարևոր է, որովհետև գիտակցութիւն բառը, ինչպէս շատ ուղիղ նկատում է Ա. Բէն իր «Հոգեբանութիւն» գրքում, ամենախառնաշփոթ ու առաձգական տերմինն է հոգեբանական գիտութեան։

Հոգեբանական նորագոյն ուսումնասիրութիւնները յանգում են այն եզրակացութեան, որ մարդկանց գիտակցութիւնը, լինելով սերտ կապուած