Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/139

Այս էջը սրբագրված է

նրանց խելքի, մտածողութեան ու իմացական կարողութեան հետ, չէ արտացոլում իր մէջ մարդկային ոգին (духь) իր ամբողջութեամբ և համահաւասար չէ մարդկային ոգուն, այլ ոգեկան (духовный) կեանքի միայն մի որոշ մասն է։ Մեր ոգու ու ոգեկան կեանքի միւս կարևոր մասն է բնազդը, որը ներքին մի ոյժ է, ինչ որ մղումն ու ձգտումն, թէև անգիտակից ու առանց մտածելու, բայց ընդունակ հոգեբանական խոր հեռատեսութեան։ Մի որևէ անծանոթ անձի հանդիպելիս մենք խուլ ու անգիտակից կերպով կարծես հասկանում ենք նրա բնաւորութիւնը, թափանցում անբացատրելի ձեւով նրա հոգու ու անհատականութեան խորքը, և դեռևս հետը չը խօսած, առանց նրան ճանաչելու մենք արդէն զգում ենք դէպի այդ անձը համակրանք կամ հակակրանք։ Այդ անգիտակից, անմեկնելի ու խորաթափանց զգացումը ոչ մի կապ չունի մեր մտքի ու ինտելլեկտի հետ, այլ զուտ բնազդական մի երևոյթ է:

Ւբրև հոգեբանական գործոն, մեր բնազդը միմիայն անբովանդակ ու անիմաստ աւտոմատիզմ չէ, այլ ոգեկան մի մեծ ոյժ, թէև որակով տարբեր ինտելլեկտից, սակայն ոչ պակաս հզօր ու խորագէտ, իւրայատուկ օրէնքներով ու հետևանքներով։ Բնազդն է, որ լուսաւորում է մեր ուղին գոյութեան կռուի կենսական վայրկեաններում։ Նա խուլ և մունջ գործում է մեր մէջ, երբ մենք քաղցած ենք և ծարաւ, սիրում ենք ու սիրահարւում, կամ մաքառում ինքնապաշտպանութեան ու ազատութեան համար։

Լինելով ինքնահաստատման, ինքնազարգացման և ընդհանրապէս կեանքի գլխաւոր շարժառիթն ու շարժիչը, բնազդը բնական մի ոյժ է, որ մեծ դեր է կատարում նաև ազգային համերաշխութեան ու միութեան գործում։

Միևնոյն ազգութեան անդամների մէջ գոյութիւն ունի ինչ որ համակրութիւն և համազգացութիւն, որ բնազդային է և ոչ գիտակցական։ Որքան սերտ ու խոր լինի ազգութեան որևէ անդամի կապն ազգային-կուլտուրական ընդհանրութեան հետ, այնքան աւելի զօրեղ կը լինի բնազդային այդ համազգացութիւնը։ Ընդհակառակը ապազգայնացման, ազգային-կուլտուրական ընդհանրութիւնից շեղման ու անջատման դէպքերում աստիճանաբար թուլանում է բնազդային այդ համակրութիւնը։ Ապազգայնացող տարրերը չորացող ծառերի են նման, որոնք այլևս սնունդ ու կեանք չեն ստանում մայր հողից և կորցնում հետզհետէ հետաքրքրութեան ու կարեկցութեան կենդանի ու անմիջական որևէ զգացմունք դէպի իրանց հայրենի ու հարազատ միջավայրը։ Եթէ ազգութեան օտարախօս ու օտարակիրթ անդամները որոշ չափով կապուած են մնում ազգային ամբողջութեան հետ, այդ պատմական բախտակցութեան մի կապ է, արտաքին ու երերուն, որի պահպանմանը նպաստում է ազգային ընդհանրութեան դէմ յարուցուող ճնշման ու հալածանքի քաղաքականութիւնը։

Հայութեան մէջ ապազգայնացումը մեծ չափեր է ընդունել տնտեսապես բարեկեցիկ քաղաքաբնակ ընտանիքներում։ Այդ խաւերը, կորցնելով հետզհետէ իրանց կապն ազգային-կուլտուրական ընդհանրութեան հետ, կորցնում են նաև իրանց հետաքրքրութիւնը դէպի ազգային կեանքը։ Ընդհակառակը՝ հայ գիւղացին ու աշխատաւորն աւելի սերտ են յարած