Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/141

Այս էջը սրբագրված է

Կռիւ յայտարարել ազգութեան ու ազգային կուլտուրայի դէմ յանուն մարդկութեան ու հանրամարդկային կուլտուրայի՝ այդ պարզապէս մի անմտութիւն է։ Ապազգայնանալ բնաւ չէ նշանակում վերամբառնալ դէպի հանրամարդկայինը, այլ նշանակում է միայն ձուլուել ի վերջոյ և անհետանալ որևէ այլ կենսունակ ազգութեան մէջ։ Այս տեսակէտից բոլոր հակազգային տարրերը, որքան էլ իրանց լուսամիտ ու առաջադէմ յայտարարեն, կոյր գործիքներ են ու համերաշխ դաշնակիցներ պետական այն ազգակեր ու յետադէմ ոյժերի, որոնց նպատակն ու բաղձանքն է փոքր ազգութիւնների բռնի բնաջնջումը:

Ազգութիւնն իր էութեամբ ընդունելով իբրև ոգեկան-կուլտուրական խմբակցութիւն, առանձնայատուկ մի անհատականութիւն, մենք բնականականաբար թերի ու անյաջող ենք համարում «ազգ» գաղափարի այն բոլոր սահմանումները, որոնք անտես են անում նրա էական այդ յատկանիշը։

Ընկերաբանների և իրաւագէտների նորագոյն երկերում ազգութեան համար անհրաժեշտ ու բնորոշող տարր չեն համարւում նաև ոչ ռասա, ոչ լեզու , ոչ էլ մի ուրիշ որևէ առարկայական յատկանիշ։ Արդ՝ այդ ևս խոշոր մի թիւրիմացութիւն է, որ առաջ է գալիս «ազգ» բառի խառնաշփոթ ըմբռնումից և տիրող վայրիվերոյ ու ձևական վերաբերումից դէպի այդ գաղափարի սահմանումը: Լեզուն չեն ընդունում յատկանիշ ազգութեան, օրինակ բերելով «զուիցարական ազգը», որ չունի համապատասխան «զուիցարական լեզու»: Այս առարկութիւնը մի պարզ թիւրիմացութիւն է, հիմնուած այն սխալ կարծիքի վրայ, իբր թէ գոյութիւն ունի «զուիցարական ազգ»: Ինչպէս վերև մենք ցոյց ենք տուել, «Զուիցարիան ազգային֊կուլտուրական մի ամբողջութիւն չէ, այլ զանազան ազգային-կուլտուրական խմբակցութիւնների դաշնակցական մի միութիւն պետական իմաստով: Կուլտուրական իմաստով Զուիցարիայի բազմալեզու ու տարասեռ ժողովուրդը չէ կարելի անուանել մի ազգ։

Մի ուրիշ օրինակ բերում են Անգլիան ու Միացեալ Նահանգները, Սպանիան ու սպանիական Ամերիկան, որոնք խօսում են միևնոյն լեզուով, բայց չեն կազմում մի ազգ։ Այս օրինակում ևս շփոթում են կուլտուրական խմբակցութեան գաղափարը պետականի հետ։ Անգլիան ու Միացեալ Նահանգները երկու անկախ ու ինքնամփոփ պետութիւններ են: Կուլտուրական տեսակէտից նրանք միևնոյն անգլո-սաքսոն կուլտուրայի հատուածներ են։ Սակայն անգլիախօս ամերիկացիները, գտնուելով աշխարհագրական, պետական ու պատմական ուրոյն պայմանների մէջ, հետզհետէ դառնում են մի նոր ազգային-կուլտուրական խմբակցութիւն, և անգլիերէնն արդէն իսկ ամերիկացու բերնում սկսել է վերածուել մի նոր լեզուի։

Լեզուի նշանակութիւնն ազգութեան համար ժխտողները մատնացոյց են անում նաև հրէական ժողովուրդը, որը թէև իր հին լեզուն կորցրել է, բայց և այնպէս կազմում է ազգային մի ամբողջութիւն։ Այս վկայութիւնը ևս շատ քիչ բան է ապացուցանում։ Նախ և առաջ կարելի է առարկել, որ հրէական ժողովրդի ստուար մեծամասնութիւնը հին եբրայեցերէնի փոխարէն ստեղծել է իր համար մի նոր լեզու՝ իրանց յայտնի «ժարգոնը», որը գործ է ածւում նոյնիսկ իբրև ազգային գրական լեզու։ Բայց եթէ այդ