Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/144

Այս էջը սրբագրված է

ցեղային ծագումը կարող է լինել բարդ ու խառն, սակայն խնդիրը դրանից չէ փոխւում։

Ազգութիւնը համարելով կուլտուրական խմբակցութիւն, մենք չենք կարող չընդունել, որ լեզուի հետ միասին նաև ազգութեան ցեղային ծագումը բնորոշում ու պայմանաւորում է ազգային կուլտուրան և հետևաբար այդ կարևոր ազդակն ևս էական ու անհրաժեշտ յատկանիշ է «ազգ» գաղափարի:

Ազգութիւնը պատմական երևոյթ է, և պատմութիւնը, ազգի ընհանուր անցեալը, որպէս յատուկ մի միջավայր, ամենամեծ դերն է կատարում ազգութեան կազմակերպման ու կերպարանափոխման գործում:

Անցեալի հողի վրայ ընձւում ու զարգանում է կուլտուրական ընդհանրութիւնը։ Ընդհանուր անցեալն է կերպաւորում կուլտուրայի բովանդակութիւնը և որոշում նրա ապագայ ընթացքը։ Ընդհանուր անցեալը կապում է ազգային խմբակցութեան անդամներին ընդհանուր յիշողութիւններով: Ազգութիւնը, որպէս բախտակից մի ամբողջութիւն, միասին է ապրել ու զգացել իր չարն ու բարին։

Թէ ինչպիսի զօրեղ ազգակ են ընդհանուր ապրումներն ու ընդհանուր ճակատագիրն ազգային միութեան համար, այդ ցոյց է տալիս հրէաների օրինակը: Այդ ազգը կորցրել է վաղուց իր հին լեզուն ու հայրենիքը, զուրկ է կուլտուրական ընդհանրութիւնից, բայց այնուամենայնիւ ապրում է որպէս ինքնատիպ մի ամբողջութիւն , զլխաւորապէս պատմական բախտակցութեան շնորհիւ։

Առանց ընդհանուր ու բախտակից անցեալի ոչ ազգ է գոյանում, ոչ էլ ազգային կուլտուրա։ Պարզ է ուրեմն, որ պատմական անցեալն ազգութեան բնորոշման համար նոյնպէս հիմնական ու անհրաժեշտ յատկանիշ է:

Արդ՝ համաձայն մեր քննութեան ազգութեան բնորոշող յատկանիշներն են հետևեալ չորս հիմնական տարրերը՝ ընդհանուր կուլտուրա, ընդհանուր լեզու, ընդհանուր ցեղական ծագում և ընդհանուր անցեալ։ Այս տարրերն են ստեղծում և պայմանաւորում ազգութիւնը:

Այս տարրերը, ինչպէս և ինքը ազգութիւնը, չը պէտք է կարծել, որ գտնւում են մնայուն ու անփոփոխ վիճակում, ընդհակառակը նրանք անընդհատ շարժման մէջ են և շարունակ ենթակայ են կերպարանափոխման։ Ինչպէս մեր նախնի իմաստասէրներն էին ասում, նրանք «ի հոսման և ի ծորման են, ոչ հանդիպին դադարման, և ի զանազան ժամանակս զանազանապէս ունին»։

Բացատրենք այդ օրինակով: Քսենոփոնի նկարագրած հայութիւնը նոյնը չէ անկասկած, ինչ որ ոսկեդարեան հայութիւնը, և այս վերջինը նմանապէս շատ քիչ նման պէտք է լինի ժամանակակից հայութեան: Այդ երեք տարբեր շրջանների հայութիւնը միացած է իրար բնական ժառանգութեան և կուլտուրական յաջորդականութեան կապերով, և այդ կապերի շնորհիւ կազմում է հարազատ ու ընտանի մի ամբողջութիւն։

Ազգութեան վերաբերմամբ ընդհանուր կուլտուրան, ընդհանուր լեզուն, ընդհանուր ցեղական ծագումը և ընդհանուր անցեալը միանգամայն տարբեր դեր են կատարում։ Ազգութեան բովանդակութիւնը, իմաստը, հիւթը կազմում է ազգային կուլտուրան. լեզուն կուլտուրական ընդհանրութեան