Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/145

Այս էջը սրբագրված է

միջնորդն է ու ստեղծողը. ցեղական զանգուածը ազգութեան սաղմն Է ու արմատը, իսկ ընդհանուր անցեալը, պատմութիւնը՝ և կուլտուրայի, և լեզուի, և ցեղի ծնողն է ու դայեակը։ Վերջին երեք տարրերը, ինչպէս տեսնում ենք, միքնորդական կամ կերպաւորող ոյժեր են ազգութեան համար։ Նրա բուն Էութիւնը, կատարումն ազգային առանձնայատուկ կուլտուրան է:

«Ազգ» գաղափարը մենք կարող ենք այժմ սահմանել, ի նկատի առնելով նրա բոլոր յատկանիշները և սրանց կատարած դերը։ Ազգութիւնը մենք համարում ենք առանձնայատուկ կուլտուրական խմբակցութիւն. հիմնուած ընդհանուր ցեղական ծագման, ընդհանուր լեզուի եւ ընդհանուր անցեալի վրայ եւ նրանցով պայմանաւորուած։

Ընկերաբաններից ոմանք յիշեալ չորս տարրերին աւելացնում են, որպէս ազգութեան բնորոշող ու էական յատկանիշ, նաև ընդհանուր բնակավայր և կրօն։ Այդ տեսակէտը պէտք է համարել սխալ:

Ընդհանուր բնակավայրը և ընդհանուր կրօնը թէև ունեն նշանակութիւն ազգութեան համար, բայց անհրաժեշտ յատկանիշներ չեն ազգութեան։

Ճիշտ է, ազգային կուլտուրական ընդհանրութիւնն առաջ է եկել պատմական անցեալում ընդհանուր հայրենի երկրում, սակայն այնուհետև այդ ընդհանրութիւնը կարող է պահպանուել և ընդհանուր բնակավայրի սահմաններից դուրս։ Հայութեան մի ստուար մասը, օրինակ, որ դարեր շարունակ ապրում է իր պատմական հայրենիքից դուրս՝ Պոլսում, փոքր Ասիայում և Կովկասի զանազան մասերում, ոչ միայն հայ է մնում, այլ և յաճախ ղեկավարող դեր է կատարում ազգային կուլտուրական վերածնութեան գործում: Ընդհանուր բնակավայրը ազգութեան բնորոշող յատկանիշ չէ այն պարզ պատճառով, որ ազգութիւնը շատ դէպքերում արտերկրային խմբակցութիւն է, յենուած կուլտուրական ընդհանրութեան վրայ։

Ընդհանուր բնակավայրը յարաբերական նշանակութիւն ունի ազգութեան գոյութեան համար, մինչդեռ կուլտուրական ընդհանրութիւնը, հիմնուած ընդհանուր լեզուի, ընդհանուր ծագման ու ընդհանուր անցեալի վրայ, ազգութեան համար ունի բացարձակ նշանակութիւն։ Կարելի է մայր երկրի սահմաններից դուրս գալ և այնու հանդերձ մնալ հաղորդակից ազգային կուլտուրական ընդհանրութեան ու լինել անանջատ մասն ազգութեան։ Ազգութիւնը չէ ջնջւում, երբ նրա հայրենի երկիրը ենթարկւում է նուաճման ու յօշոտման մի քանի պետութիւնների մէջ, բայց ազգութիւնը կազմալուծւում է, երբ օտար կուլտուրայի նուաճողական ազդեցութեամբ քայքայւում է ազգային կուլտուրական ընդհանրութիւնը։

Ընդհանուր բնակավայրը, ինչպէս ասացինք, ունի նշանակութիւն ազգային գոյութեան համար, սակայն միայն այն չափով, ինչ չափով որ նա պայմանաւորում է կուլտուրական ընդհանրութիւնը։ Հեռաւոր երկրներում հաստատուած ազգային գաղութները շատ յաճախ աստիճանաբար կտրւում են իրանց հայրենի կուլտուրական իրականութիւնից, կորցնում են իրանց բնական ցեղային ընդհանրութիւնը և ենթարկւում կուլտուրական ձուլման ու ապազգայնացման։

Մայր երկրից բաժանուելը կենտրոնախոյս նպաստաւոր պայմաններ