Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/146

Այս էջը սրբագրված է

է ստեղծում ապազգայնացման համար։ Այդ պայմանները միատեսակ չեն չինում, ոչ էլ հաւասարաչափ վտանգաւոր ու սպառնական ազգային կուլտուրական միութեան համար։ Մինչդեռ Լեհաստանի և Հունգարիայի հայ գաղութները ժամանակի ընթացքում անջատուեցին հայ կուլտուրական ընդհանրութիւնից և կորցրին իրանց ազգութիւնը, Պարսկաստանում Նոր-Ջուղայի հայ գաղթականութիւնը պահպանել է իր ազգութիւնը և մնում է հաղորդակից հայ ազգային կեանքին։ Կուլտուրական ընդհանրութիւնը հնարաւոր է ուրեմն որոշ նպաստաւոր պայմաններում և մայր երկրից դուրս հեռաւոր գաղթավայրերում։

Սակայն այնուամենայնիւ մայր հայրենիքից բաժանուելը և այս վերջին դէպքում ախտաւոր ու վնասակար երևոյթ է ազգութեան համար և նպաստաւոր ազդակ ազգային բացասեռման: Ազգի ցրուածութիւնը խոչընդոտ է ընդհանուր ազգային կուլտուրայի զարգացման համար։ Կուլտուրական ընդհանրութիւնը պահանջում է անընդհատ շփումն ու փոխազդումն ազգութեան մէջ, իսկ ազգի ցրուածութիւնը դժուարացնում ու դանդաղեցնում է այդ շփումն ու փոխազդումը։

Հայրենի ընդհանուր բնակավայրը, ինչպէս տեսնում ենք, բացարձակ գոյացողական յատկանիշ չէ ազգութեան, այլ յարաբերական մի գործոն է, որը կատարում է իր ուրոյն դերն ազգութեան նկատմամբ։

Տեսնենք այժմ թէ ինչ նշանակութիւն ունի կրօնն ազգութեան համար։

Որ կրօնը բնորոշող յատկանիշ չէ ազգութեան, այդ պարզ է առանց երկար բացատրութեան։

Ժամանակակից կեանքում ազգութիւնների մեծամասնութիւնը ժխտում է կրոնի ազգային նշանակութիւնը։ Միևնոյն ազգային խմբակցութեան հաղորդակից են զանազան կրօնննրի հետևողներ։ Մի կողմ թողնելով եվրոպական մեծ ազգերը, մենք հայերս ևս, որ բաժանւում ենք լուսաւորչական, կաթոլիկ, բողոքական և այլ դաւանանքների, կուլտուրական տեսակէտից կազմում ենք ազգային մի ընդհանրութիւն։

Ո՞վ կարող է ուրանալ ազգային կուլտուրական այն դերը, որ կատարել են ու կատարում ոչ-լուսաւորչական հայերն ազգային կեանքում։ Բաւական է յիշել միայն, թէ ինչպիսի խոշոր ու պատուաւոր տեղ են գրաւում Վենետկի ու Վիեննայի Մխիթարեանները հայ լեզուի ու մատենագրութեան մշակների շարքում:

Որ իւրաքանչիւր ոք հաւատում է այնպէս, ինչպէս կարող է և կամենում է, որ կրօնն անհատական մասնաւոր գործ է և կապ չունի ազգութեան հետ, այդ մի սկզբունք է ու իրաւունք, որը ձեռք է բերուած դարաւոր մաքառումով ու հսկայական ջանքերով:

Այդպէս չէր հին ու մանաւանդ միջին դարերում։ Այդպէս չէ և այժմ Արևելքում և մանաւանդ մահմեդական երկիրներում։

Միջին դարերում, ինչպէս և այժմ Արևելքում, կրօնը և եկեղեցին բացառիկ պատմական դիրք ունէին։ Իւրաքանչիւր ազգի ոգեկան կուլտուրան, ինչպէս և պետաթիւնն ինքը, ենթարկուած էին կրօնի և եկեղեցու ազդեցութեան։

Որովհետև միջնադարեան ոգեկան կուլտուրայի բովանդակութիւնը