Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/148

Այս էջը սրբագրված է

ու բովանդակութիւնը, հնարաւոր է դարձնում տրամաբանօրէն կապել ազգութեան բոլոր տարրերն իրար հետ և որոշ սիստեմի ենթարկել նրանց փոխադարձ յարաբերութեան լուսաբանութիւնը։

Նոյն որոշումն ելակէտ ընդունելով՝ հեշտութեամբ լուծւում և պարզւում է երկրի ու կրօնի դերն ազգութեան նկատմամբ։

Իսկ այդ հանգամանքն ինքնին արդէն համոզիչ մի յայտարար է, որ ազգութեան վերոյիշեալ մեր սահմանումն ունի գիտական հիմքեր ու առաւելութիւններ, որոնցից զուրկ են նոյն գաղափարի պատահական ու ձևական բազմաթիւ այլ որոշումները։

Ազգութեան էական յատկանիշների որոշումը պարզ ցոյց է տալիս մեզ, թէ որքան կարևոր ու հիմնական արժէքներ են ամեն մի ազգի համար նրա ինքնատիպ անհատականութիւնը, ստեղծագործական ունակութիւնը, նաև նրա ամենավսեմ ստեղծումները՝ ազգային լեզուն և ոգեկան կուլտուրան։

Եթէ ազգային կուլտուրան է կազմում ազգութեան բովանդակութիւնն ու էութիւնը և լեզուն է ազգային ոգեկան ստեղծումների անհրաժեշտ գործին ու միջնորդը, ապա աւելի քան պարզ է, որ ամեն մի ազգի գոյութիւնն ու զարգացումը վտանգուած է լինում, երբ սկսւում է ազգային լեզուի, ոգեկան առանձնայատուկ կուլտուրայի և ցեղային կազմի բացասեռումն ու քայքայումը։

Այդ վտանգը մեծ չափեր է ստանում այժմ ռուսահայութեան նկատմամբ, որի բարձր ու կիրթ խաւերը հետզհետէ ենթարկւում են ռուսական կուլտուրայի ազդեցութեանը և անջատւում ազգային-կուլտուրական հարազատ ընդհանրութիւնից: Հայութեան համար ապազգայնացումը մի չարիք է ու վտանգ թերևս աւելի սպառնական ու կորստաբեր, քան այն արտաքին ահռելի հարուածները, որոնք ուղղուած են եղել հայ ազգի ֆիզիքական գոյութեան դէմ։ Արիւնհեղութիւնն ու բռնաբարութիւնը թէև քայքայել և ուժասպառ են արել հայութիւնը, սակայն չեն կարողացել արիւնաքամ անել նրա ներքին էութիւնը և ոչնչացնել նրա ազգային ոգին ու անհատականութիւնը: Հայութիւնը, ոտնակոխ եղած ու ստրկացած, մնացել է որպէս ազգ կենդանի ու կենսունակ։

Ւսկ ապազգայնացումը, ազգային լեզուի ու կուլտուրայի եղծումն ու վտարումը, օրգանական ներքին մի վէրք է ազգութեան սրտում, որից քայքայւում ու կազմալուծւում է նրա ոգեկան էութիւնը:

Հայութիւնը, որ իր բոլոր ոյժերով աշխատել է ապահովել ֆիզիքական իր գոյութիւնը, չը պէտք է երբէք մոռանայ, որ ազգային ինքնահաստատման համար ոչ պակաս կարևոր գործ է նաև իր ոգեկան էութեան պաշտպանութիւնը, և որ արտաքին թշնամուց աւելի վտանգաւոր են նրա ազգային գոյութեան ու զարգացման համար այն տասնեակ հազաւոր ապազգայնացող հայերը, որոնք արհամարհում ու անարգում են իրանց լեզուն ու կուլտուրան։

Յակոբ Մանանդեան