Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/151

Այս էջը սրբագրված է

ճիրաններում. այսօր հայը աւելի շատ գաւառական ազգութեան անդամ է, քան թէ մի համայնապարփակ ազգային ամբողջութեան:

Իսկ ինչո՞ւ այսպէս եղաւ, որ մի դարի համայնակեցութիւնն էլ անկարող եղաւ մեզ շաղկապել իրար հետ, և ընտանի դարձնել իրարու: Մի՞թէ մի դարը կարճ ժամանակամիջոց է, որ մենք չը կարողացանք թափ տալ մեր ոտքերից անցեալի ժառանգութիւնը և չը տոգորուեցինք նոր վարք ու բարքով:

Այս հարցին կարելի է պատասխանել այն իմաստով, որ առաջաւոր գլուխների մէջ յղացած գաղափարները կամ նրանց սրտի ջերմ ցանկութիւնները անզօր են մի ազգագրական նիւթից ազգ ստեղծել, երբ դրա համար բացակայում են նիւթական միջոցները կամ թէ նրանք դեռ ևս թոյլ զարգացում ունեն: Բանը նրանումն է, որ մի դարի համայնակեցութիւնից յետոյ էլ հայութիւնը դեռ չի խարսխուած համեմատաբար ինքնամփոփ ազգային տնտեսութեան վրայ: Կան հայեր, որ խոշոր դեր են խաղում մեր ծայրագաւառի առևտրա-արդիւնաբերական կեանքում, որ նպաստում են մեր երկրի այս կամ այն անկիւնի տնտեսական բարգաւաճմանը, բայց չը կայ հայութիւն, որ իր բուն հարենիքում, իր բնակութեան վայրում մեր ժամանակի ոգուն համապատասխան տնտեսութիւն ստեղծէ, զարկ տայ հայրենիքի արտադրողական ոյժերի զարգացման ու հզօրացման և այդպիսով գաւառական մեռելութեան փոխարէն՝ պատուանդան դնէ կենդանութեան ու ժխորի, սթափեցնէ մեր ժողովուրդը գիւղացիական մրափից, շարժման մէջ դնէ նրան և ստեղծէ այն տարրերը, որոնք միայն կարող են իներտ մասսայից կենդանի հաւաքական մարմին ստեղծել: Քանի մեր ժողովրդի բնակած վայրերում պակասում է արդի իմաստով տնտեսութիւնը, քանի մենք կը մնանք գերազանցապէս գիւղացիութիւն և մանր քաղքենիութիւն, այնքան պակասաւոր կը լինի մեր ազգային մարմնի կառուցուածքը, այնքան դիմազուրկ կը մնայ մեր ժողովրդական զանգուածը՝ անսովոր ձեռներէցութեան ու ինքնագործունէութեան:

Այո, տնտեսական զարգացումը մեր երկրում կը նշանակէ ոչ միայն նիւթական բարեկեցութիւն առհասարակ, այլ և հոգևոր-բարոյական բարգաւաճում, որ համազօր կը լինի նաև մեր բարձր կառուցուածքով ազգ կազմելուն։ Չը կայ այդ տնտեսական զարգացումը, և մենք կազմում ենք ստորին կառուցուածքով մի ազգ, երբ ժողովրդական զանգուածները գիտեն միայն լուռ համակերպուել, հպատակուել կամ միանգամայն անտարբեր են դէպի ամբողջութեան գոյութիւնը շօշափող հարցերը, իսկ այդ գորշ զանգուածի գլխին ցցւում են անհատներ կամ խմբակներ, որոնք ղեկավարուելով իրանց բարի կամ չար կամքի թելադրանքով, ամբողջ հայութիւնը ներկայացնելու պատիւն են ստանձնում և այնպէս տանում մեր հասարակական գործերը, որ յաճախ յօնքը շինելու փոխարէն հանում են աչքը։

Երբ այսպէս է մեր ազգի կառուցուածքը, երբ գոյութիւն ունի իներտ կամ անգիտակից մեծամասնութիւն և ներգործօն փոքրամասնութիւն, որն իր վրայ է վերցրել ազգային գործերի ղեկավարութիւնը, ապա բնականաբար ստացւում է մի դրութիւն, որ դժուարացնում է և չափազանց պատասխանատու դարձնում ղեկավար փոքրամասնութեան դերը։ Այստեղ շրջանկատութիւնն ու հեռատեսութիւնը պիտի առաջնորդող սկզբունքներ դառնան, որովհետև հեշտ է անգիտակից մասսային մղել դէպի այս կամ այն գործը,