Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/154

Այս էջը հաստատված է

ու դիտենք, թէ ի՞նչ է մնացել մեզ հայրենի տնից։ Անմխիթար ժառանգութիւն, աւեր հայրենիք, որի ում պատկանելը դեռ զէնքի վէճից է կախուած, և հայրենակարօտ, «օտար աշխարհ յածող» եղբայրների բազմութիւն։ Այս եղածից էլ մենք պիտի ծրագրենք մեր անելիքը։

Մի համայնապարփակ կազմակերպութեան մէջ պիտի ամփոփուեն բոլոր նրանք, որոնք վտարուել են հայրենիքից և հայրենաբաղձութեամբ են տոգորուած։ Այդ կազմակերպութիւնը պիտի ընդգրկէ բոլոր երկրներում գտնուող թիւրքահայերին, պիտի ունենայ իր ճիւղերը ամենուրեք և իր ճանաչուած կենտրոնը մի ազատ երկնակամարի տակ։ Նրա հեղինակութիւնն ընդունողները պիտի մոռանան իրանց սոցիալական ու քաղաքական ծրագիրների երկրորդական կէտերը և մի դաւանանք միայն ընդգրկեն. հայրենիքի «նուաճում» և վերաշինութիւն։ Այդ «նուաճումը» տեղի կունենայ այն ժամանակ, երբ երկրից վտարուած հայութիւնը նորից կը նստէ իր հողի վրայ։ Դա հայութեան հիմնական մտահոգութիւնը պիտի լինի. մնացածը կախուած է նրանից, թէ ինչ զօրութիւն կը ներկայացնէ հայ տարրը իր հայրենիքում։ Մեր թշնամիները այդ լաւ են հասկացել։ Քանի ուշ չէ, խելք սովորենք նրանցից։

Մեր ակնարկած կազմակերպութիւնը պիտի նախապատրաստական աշխատանքներ տեսնի, որ հնարաւորութեան դէպքում հայրենիք ուղղէ հայ էմիգրացիան, որ ճանաչեցնել տայ նրա իրաւունքը տեղ գրաւելու հայրենի երկրում։ Այդ նպատակի համար նա պիտի նիւթական միջոցներ ժողովէ և դիւանագիտական բանակցութիւններ վարէ։ Մենք չը գիտենք, ո՞վ է մեր բարեկամը և ո՞վ թշնամին։ Կարող է պատահել, որ պետութիւնների խորհրդաժողովում շատ դերեր փոխուեն։ Կարևորը նա է, որ հայութիւնը ներկայացնող մի հեղինակաւոր մարմին լինի, որ այդ մարմինը չունենայ իր կանխակալ համակրութիւններն ու հակակրութիւնները, այլ ամեն բան տնօրինէ ազգի շահին համապատասխան։ Ջուրն ընկնողը անձրևից չի վախենում։ Գոնէ այժմ ջանանք ազատուելու կոյր գործիքի անարգ դերից։

Եւ եթէ մեզ յաջողուի իրար ձեռք մեկնել մի կազմակերպութեան մէջ, այդ կազմակերպութիւնը դարձնել բացառապես թիւրքահայկական եւ թիւրքահայերի համար, ապա և հնարաւոր կը լինի ասել, թէ օտար բերանից չէ միայն, որ պիտի հնչէ փրկարար խօսքը թէ՝ «Արի՛, առ զմահիճս քո և երթ ի տուն քո», այլև դա կը լինի մեր ներքին ճիգերի արդիւնք՝ մի վերազարթնում մեր մահամերձ ճգնաժամից յետոյ։

Դ. Անանուն



ԻՆՔՆՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ԵԻ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՂՈՒԹԻՒՆ

(Դիտողութիւններ եւ գործնական առաջարկներ)

I

Ազգերի և ժողովուրդների ինքնաճանաչողութիւնը բնահրաժեշտօրէն նախադրում է ինքնածանօթութիւն։ Իսկ իւրաքանչիւր ծանօթութիւն իր հիմնական տուեալներով ձեռք է բերւում միայն ինքնուսումնասիրութեան միջոցով։ Որևէ ազգի, ժողովրդի կամ կուլտուրական համայնական կեանքի