Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/156

Այս էջը սրբագրված է

Իհարկէ դա ևս ուսումնասիրական մեթոդներից մէկն է։ Բայց դա թերի է և անորոշ, հիպոթետիք և սոսկ օժանդակ մի մեթոդ է։ Ածանցուած կամ երկրորդական և յամենայն դէպս վերացական գործօնի միջոցով չի կարելի էապէս ճանաչել գլխաւորն ու հիմնականը։ Իսկ եթէ վերջինս յայտնի լինէր քննադատին, կարելի էր դիւրութեամբ որոշել բանաստեղծական որոնումների և յղացումների աղբիւրը և լիուլի բաւարարութիւն տալ «ինչու՞» հարցին...

Ներկան աւելի մխիթարական չէ անցեալից։ Յայտնի է, որ 19-րդ դարի հայ վերածնիչները, սկսած նրանց նախակարապետներից մինչև 20-րդ դարի շեմքը հասած ծերացած շառաւիղները, չեն թողել մեզ ոչ մի շնորհակալարժան ժառանգութիւն այստեղ մեզ հետաքրքրող հարցի տեսակէտից։ Նրանց բոլորի խոհերի և խոկումների առարկան հայ ազգն էր՝ որպէս սոսկ պատմական կաթեգորիա, լաւ ու վատ տրադիցիաներով օժտուած, պատմա-քաղաքական դժնդակ չարքաշութեան անիծուած կնիքը ճակատին դրօշմուած, որ դարերից ի վեր հեւիհեւ փորսող է տուել, ունենալով իր յատուկ ցաւերն ու հոգսերը։

Ահա հէնց այդ վերջին մոմենտներն են, որ հրապարակախօսական տրակտատի և գեղարուեստական հիւսուածքի նիւթ են մատակարարել մեր վերածնիչներին։ Հրապարակախօս ու վիպասան, բանաստեղծ ու թատերագիր ճառում, պատմում ու երգում են, գովում, խրախուսում են դրականը, պարսաւում, պախարակում են բացասականը, միևնոյն մոմենտները տարբեր եղանակներով։ Սակայն այդ մտաւոր–կուլտուրական աշխատանքը կատարւում էր, ինչպէս ասացինք, սոսկ պատմական հայի անունով, այն հայութեան, որ թողել է մեզ պատմութիւնը, որպէս մարդկային մի ուրոյն հատուած։ Իրական հային, ընդհակառակը, չէր ճանաչում հայ վերածնիչը. հայ ժողովուրդը իր տնտեսական կենցաղակերպի ողջ կառուցուածքով և իր նիւթական կուլտուրայի բովանդակութեամբ, իր հայթայթումների և ձեռքբերումների ծաւալով անյայտ է նրան միանգամայն։ Հրապարակախօսը, վիպասանը, բանաստեղծը հիմնաւորել, կերտել ու երգել են, օրինակ, պատմական հայի ազատագրութեան իդէալը, առանց հիմնապէս ճանաչելու իրական հայի րեալ կացութեան այն շօշափելի պայմանները, որոնց ծոցում միայն կարող են սաղմաւորուել ու ծնունդ առնել վերածնութեան և վերանորոգութեան ամեն մի պահանջ, ազատագրութեան ամեն մի ձգտում։ Հայ շինականն ու քաղքենին, ինտելիգենտն ու վաճառականը սակաւ չեն նիւթ ու տիպ ծառայել հայ մտաւոր-գրական գործիչների արտադրութիւնների համար, սակայն որպէս հասարակական կաթեգորեաներ՝ իրանց վիճակով, գրաւած դիրքով և խաղացած դերով՝ անյայտ ու անծանօթ են մնացել հայ գործիչներին և՛ գիւղացիութիւնը, եւ ՛քաղաքացիութիւնը, և՛ ինտելիգենցիան, և ՛ առևտրականութիւնը։

Հայ մտքի մշակը կամ կուլտուրտրեգերը ճանաչում էր իր ազգին, ինչպէս շեշտեցինք, որպէս պատմական կաթեգորիա և էտնոգրաֆիական մի ուրոյն միաւոր. բայց նրա մտքի ըմբռնողութեան և քննական ճանաչողութեան հորիզոններից դուրս էր միանգամայն հայ ժողովուրդը, որպէս տնտեսական կարիքների, ֆունկցիաների եւ արժեքների մի համայնամփոփ րեալ մեծութիւն, որպէս մի սոցիալական օրգանիզմ։

Այդ է պատճառը գլխաւորապէս, որ մեր մէջ կուլտուր-բարենորոգչական