գետնին է զարնւում հասարակութիւնը իր կարճօրեայ վառ տրամադրութիւններից յետոյ։
Ահա այս է մեր հասարակական կեանքի սովորական ընթացքը։
Բայց արդէն հերիք է, պէտք է վերջապէս ուշքի գալ. tempora mutantur et nos mutamur in illis (ժամանակները փոխւում են և մենք փոխւում ենք նրանց հետ)։ Անցել է, թւում է անվերադարձ, հասարակական միամտութեան երանական շրջանը, նոր ժամանակները պահանջում են նոր հարկ ու վերաբերմունք։ Թող ամեն մէկը ճանաչէ իր տեղը և ամեն իր ու երևոյթ գնահատուեն իրանց արժանիքների և գոյութեան իմաստի համաձայն։
Մենք ընդունում ենք, որ կայ հայերիս մէջ հասարակական առողջ բնազդներով օժտուած ու գործունէութեան ազնիւ ու անկաշառ ձգտումներով տոգորուած երիտասարդների պատկառելի խումբ, և մենք հաւատում ենք, որ գիտական աշխարհայեացքով ու լրջմիտ արգումենտացիայով զինուած՝ ընդունակ պիտի լինի նա ոչ միայն քննական գնահատումների բովից անցկացնելու հին արժէքները, այլ և ստեղծելու նոր մնայուն արժեքներ, ստեղծելու մի նոր էրա հայկական կոլլեկտիւի կեանքի ուսումնասիրութեան գործում։
Պէտք է հայկական մտածելակերպի և գործելակերպի սահմաններում մինչեւ այժմ իշխող նայիւ իդէալիզմը, սաւառնող րոմանտիզմը և զեղուն-հիւանդագին սենտիմենտալիզմը դուրս վտարուեն եւ տեղի տան թափանցող մատերիալիզմին և առողջ րէալիզմին։ Հերիք է, որքան օդում լողացինք, լուսնին ու աստղերին գանգատներ առաքելով, հայ ժողովրդին մելամաղձոտ նինջ ու օրօր կարդալով։ Բաւական է, որքան սնապարծեցանք աշխարհագրական Հայաստանի և պատմական հայութեան «հին օրերով»։ Ցած իջնենք օդային բարձունքներից իրական հողի վրայ և սրբազան կոչում ստանձնենք միայն իրական հայութեան դեմքը ճանաչելու։ Խնամքով քրքրենք նրա վէրքերը և անխնայ արմատախլենք վնասակար բացիլները. ճանաչենք հայ երկիրը եւ հայ ժողովուրդը, ինչպէս նրանք կան իրանց րէալ մեծութեան շօշափելի սահմանների մէջ։ Յայտնագործենք դրականն ու բացասականը հաւասար ուշադրութեամբ, աներկմտօրէն դնենք հրապարակի վրայ իրողութիւնների մերկ պատկերը և աներկիւղ, առարկայական սառնասրտութեամբ քննենք ու դասաւորենք փաստերը, հանենք բնականօրէն բղխող եզրակացութինները, շարունակելով աշխատանքը մինչեւ գիտական պահանջների տրամաբանական վախճանը։
III
Աւանդաբար անցած մի թիւր ու միակողմանի հասկացողութիւն կայ մեր մէջ, որ մինչև այժմ էլ շարունակւում է յամառութեամբ պահպանուել։
Հայ կեանքի ուսումնասիրութեան և ճանաչողութեան տակ սովորաբար հասկացւում է փաստերի և երեւոյթների մի բովանդակութիւն, որ գրեթէ բացառապէս վերաբերում է հայ մտաւոր-կուլտուրական կեանքի գործօններին, հայ պատմութեան ու լեզուին, գրականութեան ու արուեստի զանազան ճիւղերին, դպրոցական և այլ կուլտուրական հաստատութիւններին, այսինքն այն բոլորին, ինչ հայկական մտքի ու արուեստի ստեղծագործութեան և