Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/161

Այս էջը սրբագրված է

հայի հասարակական գործունէութեան արդիւնքներն են կազմում։

Բայց դա մեդալի մի երեսն է միայն, իրականութեան սոսկ մի կողմը և իրաւ ածանցուած կամ արտացոլուած կողմը։ Այն, ինչ սկզբնական հիմնաքարն է կազմում, հիմնական ատաղձը հոգեբանական կաղապարումների և իդէական արտացոլումների, միանգամայն անուշադրութեան է մատնուած մեր մէջ։ Հայ ժողովրդի նիւթական գոյութեան պայմանները, տնտեսական գործունէութեան ֆունկցիաները եւ ազգաբնակչական շարժման ելեւէջները ոչ միայն չեն ուսումնասիրւում մեր մէջ, թէկուզ հէնց դանդաղ ու անփոյթ, թերի, կիսատ-պռատ, այլ և այդ բոլորը ուսումնասիրելու եւ ճանաչելու գիտակցութիւնն անգամ քաղաքացիականութիւն գտնելու ճանապարհ չի հարթել տակաւին մեր գիտակից հասարակութեան մէջ։

Մինչդեռ մէկի ուսումնասիրութիւնն ու ճանաչողութիւնը նոյնքան անհրաժեշտ է, որքան միասինը։ Աւելին. որև է ազգային իրականութեան, մտաւոր-հոգեկան կուլտուրայի ճիշտ ըմբռնողութիւնը եւ գործնական (օրինակ կրթական) հարցերի անսխալ լուծումը հիմնապէս պայմանաւորուած է նոյն իրականութեան նիւթական-տնտեսական կուլտուրայի խոր, անթերի ճանաչողութիւնով։

Եթէ ձեզ հետաքրքրում է, օրինակ, հայ հասարակական մտքի վերածնութեան եւ զարգացման պրոցեսը որոշ էպոխայում, ապա անհրաժեշտ է, որ դուք միաժամանակ հիմնական գաղափար ունենաք արդիւնաբերական ձևերի ու սոցիալական շերտաւորումների պրոցեսի մասին հայ իրականութեան մէջ։ Անհրաժեշտ է, կրկնում ենք, եթէ ուզում էք ձեր պատմական հասկացողութիւնը խորացնել գենետիք հիմքերով։ Ասացէք, խնդրեմ, եթէ ձեզ ցանկալի է ծանօթանալ հայ գրականութեան պատմութեանը, չէի՞ք հետաքրքրուի արդեօք ծանօթանալ նաև հայ ժողովրդի տնտեսական կենցաղակերպին։ Դուք ուզում էք անպատճառ ծանօթանալ հայ այս կամ այն անուանի գործիչի հասարակական ֆիզիոնոմիային։ Բայց հաւատացած եմ, որ դուք նոյնքան, եթէ ոչ աւելի, հետաքրքրութեամբ կը ցանկայիք իմանալ, թէ կովկասեան իրականութեան մէջ հայ հասարակական հակընդդէմ դասակարգերը՝ բուրժուազիան և բանուորութիւնը՝ ինչ տեղ են գրաւել, ինչ տնտեսական ոյժ ու պատմական նշանակություն են ունեցել արդիւնաբերութեան պրոցեսում, որպէս տնտեսական կաթեգորիաներ։ Դուք հետաքրքրւում էք այս կամ այն նշանաւոր հայ գեղարուեստագէտի երկերի քննադատութեամբ։ Դուք նոյնքան կը հետաքրքրուէք, կրկնում ենք, եթէ տեսնէք հրապարակի վրայ մի բարեխիղճ, փաստացի ուսումնասիրութիւն հայ գիւղացիութեան տնտեսական վիճակի և հողատիրական պայմանների մասին Ղարաբաղի, Գանձակի, Երևանի և Ալէքսանդրոպոլի գաւառներում։

Հերիք է. այդ փաստերի շղթան կարելի է շարունակել անվերջ, անթիւ յաւելումներով։ Եւ ընթերցողը կը համոզուի առանց այլևայլութեան, որ հայ իրականութեան էկոնոմիկան նոյնքան անհրաժեշտ է ուսումնասիրել ու քննականօրէն ճանաչել, որքան այդ իրականութեան քաղաքական ու իրաւական, գրական ու կրթական երևոյթներն ու հարցերը։

Նախազգում ենք արդէն, որ գիտակից ընթերցողը, կատարելապէս համաձայնելով մեզ, պեսիմիստի տրտունջով պիտի ուղղէ մեզ այս ծանր, դժուարին